Փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին բավականին երկար ժամանակ է պետք  դոնոր գտնելու համար։ Նրանք ստիպված են լինում սպասել շաբաթներ, ամիսներ, իսկ երբեմն անգամ տարիներ։  Բայց Facebook-ի միջոցով դոնոր գտնելը  մի փոքր անսպասելի էր։ 

Արիաննա Մուրի երիկամները դադարեցին գործել, երբ նա ընդամենը 7 շաբաթական  էր։ Բայց երկու տարեկանը լրանալուց հետո նա նոր երիկամ կունենա բոլորովին անծանոթ մի կնոջ մեծահոգության շնորհիվ։

Տեսնելով, թե ինչպես է 2-ամյա աղջիկը խաղում իր քրոջ հետ՝  անհնար է կռահել, թե ինչ մեծ  նշանակաություն ունի այդ կարեւոր օրգանը այս երեխայի համար:

Արիաննա Մուրը տառապում է գենետիկ հազվագյուտ մի հիվանդությամբ, որը առաջացնում է երիկամների սպիացում, եւ նա  դիալիզ է ստանում օրական 10 ժամ։

Մուրի ընտանիքի անդամներից մեկը Facebook-յան էջ էր ստեղծել երեխայի օգնության համար։ «Ես բացարձակապես չէի ակնկալում դոնոր գտնել Facebook-ի միջոցով, երբ նույնիսկ մեր բարեկամների շրջանում չէի կարողանում դոնոր գտնել», - ասում է Էշլի Մուրը՝ Արիաննայի մայրը։

Այնուամենայնիվ դոնորը գտնվեց։  Մի կին, ով ապրում է 1500 մղոն հեռավորության վրա գտնվող Ֆլորիդա նահանգի Ջեկսոնվիլ քաղաքում, իմանալով աղջկա ծանր վիճակի մասին, որոշել է օգնել նրան։ 

«Ես շատ եմ հուզվում, երբ լսում եմ  հիվանդ երեխաների մասին, այդ պատճառով սովորաբար այդպիսի հայտարարությունները չեմ նայում, բայց այս անգամ կարդացի», - ասել է Քրիստի Հարդինգը։

 Հարդինգը Fox News-ին հայտնել է, որ Մուրի պատմությունը շատ է հուզել նրան, եւ նա մտածել է, որ կարող է օգնել երեխային։ Հարդինգը  մեկնել է Քուին Սիթի, հանձնել արյան հատուկ անալիզ՝ պարզելու, արդյոք նա կարող է դոնոր դառնալ, թե ոչ։