2018 թվականին ծրագրվել էր մարդու պապիլոմայի վիրուսի դեմ Գարդասիլով պատվաստել 16 հազար աղջիկների, սակայն փետրվարի 21-ի տվյալներով՝ 3,5 ամսում պատվաստվել է միայն 260 աղջիկ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Լույս» տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Հակ Այվազյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ՄՊՎ դեմ պատվաստման ծրագիրը ձախողվել է ոչ միայն այն պատճառով, որ ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստել, այլ նաեւ այն պատճառով, որ երկրում բժշկական հանրույթն այս պատվաստանյութն այդպես էլ դրական չգնահատեց: Ավելին՝ ինչպես նշեց Հայկ Այվազյանը, բժիշկներ եղան, որոնք հրապարակայնորեն Գարդասիլի դեմ արտահայտվեցին եւ հայտարարեցին, որ իրենց աղջիկներին ոչ մի դեպքում չեն պատվաստի: Դրանից բացի, երբ ակտիվիստները սկսեցին Գադասիլի դեմ հանդես գալ, բժշկական հանրույթն այս պատվաստանյութը չպաշտպանեց:

Ինչպես նշեց Հայկ Այվազյանը, Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը ներդրել են 2009 թվականին, սակայն ընդհուպ մինչեւ 2015 թվականը «անկազմակերպ» են անցկացրել: 2015-ից հետո պոլիկլինիկաների բժիշկները սկսել են իրենց հիվանդներին առաջարկել սքրինինգ անցնել, որի օգնությամբ կարելի է փոփոխությունները ժամանակին հայտնաբերել, որոնք բերում են արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման:

Հայկ Այվազյանի կարծիքով՝ երկրում ձախողվել է նաեւ սքրինինգային ծրագիրը, եւ Առողջապահության նախարարությունը փորձել է արգանդի վզիկի քաղցկեղի եղած խնդիրները լուծել պատվաստման միջոցով:

«Իսկ նրանք ի՞նչ պիտի անեին, եթե ԳԱՎԻ հիմնադրամը չհամաձայնվեր Հայաստանին այս պատվաստանյութը տալ: Սքրինինգային ծրագրերն այդպես էլ կթողնեի՞ն»,- հարցրեց Հայկ Այվազյանը՝ հավելելով, որ եթե նախարարությունը սքրինինգները նորմալ կազմակերպեր, արգանդի վզիկի քաղցկեղի շատ դեպքեր հնարավոր կլիներ կանխել: