Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի կողմից նախաձեռնված կասկածելի ծրագրից՝ 13 տարեկան 16 հազար հայ աղջիկներին «Գարգասիլ» պատվաստանյութով պատվաստելու խայտառակ եւ վտանգավոր որոշումից հետո այժմ էլ նախաձեռնվում է բնակչության եւ բժշկական անձնակազմերի համար մեծ դժվարություններ առաջացնող հերթական խայտառակ ծրագրի իրականացումը՝ բազմաթիվ դեղեր միայն դեղատոմսերով ձեռք բերելու մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը
Այսօր՝ փետրվարի 26-ին, Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հարցումով դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու հիմքերի մասին:
Հարցումը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի պարոն Ալթունյան,
Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել այսուհետ 2018 թվականի մարտի 1-ից դեղերի դեղատոմսով ձեռք բերելու իրավակարգավորող նորմերի մասին.
Խնդրում եմ տրամադրել 2018թ-ի մարտ ամսից դեղատոմսով եւ առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի ամբողջական ցանկը,
Ո՞վ կամ ովքե՞ր են այս նախաձեռնության հեղինակները (խնդրում եմ նշել կոնկրետ անուններ),
Ե՞րբ է հաստատվել վերոնշյալ նախաձեռնությունը որպես իրավակիրառվող որոշում, ու՞մ կողմից եւ ինչո՞ւ է այն հատկապես 2018 թվականին մտնում գործածության մեջ,
Բժշկական ծառայություններ մատուցող բուժհաստատությունները այս համակարգը ներդնելու ուղղությամբ ունե՞ն համապատասխան ռեսուրսներ, եթե այո, ապա ունե՞ք հետազոտություն, խնդրում ենք տրամադրել ուսումնասիրության արդյունքները,
Գնահատե՞լ եք արդյոք այս համակարգի ներդրման ռիսկերը, որո՞նք են այդ ռիսկերը,
Հաշվի առնելով բնակչության դժգոհությունները՝ ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել դրանց:
Մարինա Խաչատրյան
Բժիշկ-Նյարդավիրաբույժ
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ»:






