Հայաստանի առողջապահության համակարգը կոռումպացված է, եւ ժողովուրդը նրա հանդեպ վստահություն չունի: Այդ պատճառով հիմա դեղատներից դեղերի բացթողման կարգի փոփոխության լավագույն ժամանակը չէ, կարծում է Սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հայթյանը:
Նրա կարծիքով՝ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, դեղերի մեծ մասը միայն դեղատոմսով բաց թողնելու փաստն ինքնին արդեն մեծ թվով կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Դրանից բացի, մարդիկ հիմա իրենց պաշտպանված չեն զգում, որովհետեւ հասկանում են, որ ոչ միշտ են կարողանալու բժշկի դիմել դեղի համար դեղատոմս ստանալու: Երբեմն զուտ տեխնիկական պատճառներով, օրինակ՝ եթե նրանք դեղի կարիք գիշերը ունենան, երբ պոլիկլինիկաները փակ են:
Ռուբեն Հայթյանը նաեւ մտահոգություն ունի, որ որոշ անբարեխիղճ բժիշկներ կարող են նույնիսկ չարաշահել իրենց իշխանությունը եւ հիվանդներից փող պահանջել դեղատոմս դուրս գրելու համար: Հայթյանի խոսքով՝ չնայած պոլիկլինիկաներում բժշկական շատ ծառայություններ պաշտոնապես անվճար են, իրականում դեպքերի մեծ մասում հիվանդներից արդեն այսօր փող է պահանջվում, իսկ հետագայում այս խնդիրը կարող է միայն խորանալ:
Հայթյանի կարծիքով՝ այսօր Հայաստանի առողջապահության ոլորտում մեծ թվով այլ, ավելի լուրջ խնդիրներ կան, եւ ավելի նպատակահարմար կլիներ սկզբում դրանք լուծել: Իսկ երբ առողջապահության համակարգն այնպիսին դառնա, որ մարդիկ սկսեն նրան վստահել, կարելի է մտածել բժշկի դեղատոմսով դեղերը բաց թողնելու մասին:
Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Դեղատոմսով առաջին հերթին բաց կթողնեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղամիջոցները: Հուլիսի 1-ից կարգը կտարածվի ներարկման բոլոր դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն դեղատոմսերով բաց թողվող դեղերի ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը դեղատոմսով կվաճառվեն:






