Բակտերիաների ռեզիստենտությունը դառնում է ավելի ու ավելի լուրջ խնդիր. եթե նախկինում գիտնականները խոսում էին հիմնականում հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության զարգացման մասին, ապա այսօր արդեն խոսում են այն մասին, որ միկրոօրգանիզմները սկսում են հարմարվել սանիթայզերներին եւ հակասեպտիկների համալիրին, որոնք հիվանդանոցների անձնակազմն օգտագործում է ձեռքերի մշակման համար: Մելբուրնի համալսարանի գիտնականները պարզել են, որ վերջին 20 տարիներին բակտերիաները 10 անգամ ավելի կայուն են դարձել սպիրտի նկատմամբ, որը մտնում է այսպիսի հակասեպտիկների բաղադրության մեջ:

Քանի որ ձեռքերի մշակման նույն հակասեպտիկ միջոցները հիվանդանոցներում օգտագործվում են մի քանի տասնամյակ, դրանց բաղադրությունն արդեն կարելի է հնացած համարել: Նախկինում մասնագետները կարծում էին, որ հատուկ հեղուկները կարող են կասեցնել վտանգավոր մանրէների տարածումը, ինչպիսին են վանկոմիցինառեզիստենտ էնտերոկոկը (vancomycin resistant Enterococcus faecium, VRE Efm) եւ մետիցիլինառեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկը (Staphylococcus aureus): Սակայն պարզվում է, իրականում ամեն ինչ այնքան էլ այդպես չէ:

«Սուպերբակտերիաները» միկրոօրգանիզմներ են, որոնք կարողացել են հակաբիոտիկային դեղամիջոցների նկատմամբ կայունություն մշակել: Վերջին 2 տասնամյակներին այս բակտերիաները դարձել են բժշկական հանրույթի անհանգստության գլխավոր պատճառներից մեկը: Մանրէները, ինչպես բոլոր կենսունակ էակները, հարմարվում են փոփոխվող միջավայրին: Դրա հեեւանքով գոյություն ունեցող հակաբիոտիկների արդյունավետությունը սպառվում է, իսկ նորերի մշակումը երկար ժամանակ է տեւում եւ շատ թանկ արժե: Հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտության խնդիրը գլոբալ է դառնում, եւ կարծիք կա, որ եթե ոչ մի բան չձեռնարկվի, մոտ ապագայում ինֆեկցիոն հիվանդությունները դարձյալ կսկսեն հարյուր հազարավոր մարդկանց կյանքը խլել, ինչպես եղել է մինչեւ հակաբիոտիկների հայտնագործությունը:

ԱՀԿ տվյալներով՝ այսօրվա դրությամբ ամենատարածված ռեզիստենտ բակտերիաների թվում նշվում են՝

  • Մետիցիլինառեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկը (Staphylococcus aureus, MRSA)
  • Վանկոմիցինառեզիստենտ էնտերոկոկը (Enterococcus faecium)
  • Աղիքային ցուպիկը (Escherichia coli), որը ռեզիստենտ է 3-րդ սերնդի ցեֆալոսպորինների նկատմամբ
  • Թոքաբորբի կլեբսիելան (Klebsiella pneumoniae), որը ռեզիստենտ է 3-րդ սերնդի ցեֆալոսպորինների նկատմամբ
  • Կապտաթարախային ցուպիկը (Pseudomonas aeruginosa), որը ռեզիստենտ է կարբապենեմների նկատմամբ

Չնայած այս միկրոօրգանիզմները բավականին կարճ ժամանակում հակաբիոտիկների նկատմամբ կայունություն են մշակել, գիտնականները ենթադրում էին, որ դրանք, այնուամենայնիվ, չեն կարողանա սպիրտին հարմարվել, քանի որ այն ակնթարթորեն վնասում է մանրէների թաղանթները:

Մելբուրնի համալսարանի գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Տիմոտի Սթայների ղեկավարությամբ, ստուգել է Enterococcus faecium-ի հիվանդանոցային շտամների 139 տեսակների կայունությունը սպիրտի նկատմամբ, որոնք վերցվել են 1997-2015 թվականների ժամանակահատվածում: Պարզվել է, որ 2010 թվականից հետո փորձերի համար ընտրված բակտերիաների շտամները սպիրտային լուծույթների նկատմամբ 10 անգամ ավելի կայուն են եղել, քան ավելի վաղ վերցված նմուշները: Դրա հետ մեկտեղ, գիտնականները պարզել են, որ Enterococcus faecium-ի «ժամանակակից» շտամները հաջողությամբ դիմադրել են իզոպրոպիլային սպիրտի նույնիսկ 70-տոկոսանոց լուծույթին:

Փորձագետների ենթադրությամբ՝ սա տեղի է ունեցել մուտացիաների կուտակման հետեւանքով, որոնք Enterococcus faecium-ի գեներն այնպես են ձեւափոխել, որ իզոպրոպիլային, ինչպես նաեւ մյուս սպիրտները սկսել են մասնակցել բակտերիաների սեփական մետաբոլիզմին:

Գիտնականները պնդում են, որ հապշտապ անհրաժեշտ է հիվանդանոցներում ձեռքերի հակասեպտիկ մշակման նոր մեթոդներ ստեղծել, քանի որ Enterococcus faecium-ը չափազանց վտանգավոր ինֆեկցիա է, որը կայուն է վերջին սերնդի հակաբիոտիկների նկատմամբ, եւ այսպիսի ռեզիստենտ շտամներով վարակված հիվանդների նվազագույնը կեսը մահանում է: