Գեղեցկության սրահում եղունգների սովորական հարդարումը իր մեջ ներառում է նոր քսված լաքի չորացում լամպի միջոցով, որը արձակում է ուլտրամանուշակագույն-A (UVA) ճառագայթներ. ճառագայթման այն տեսակը, որը վաղուց արդեն կապում են մաշկի քաղցկեղի հետ։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մատնհարդարման սրահ իրականացրած ցանկացած այց քիչ քաղցկեղածին վտանգ է իրենից ներկայացնում, հաղորդում է Web MD-ը։
«Հաշվի առնելով մատնահարդարման ժամանակ ՈՒՄ- A էներգիայի ցածր մակարդակը, անհրաժեշտ են ավելի շատ այցելություններ՝ հասնելու այն սահմանին, երբ ԴՆԹ-ն կարող է վնասվել, ինչն էլ քաղցկեղ է առաջացնում», - գրում է հետազոտողների մի խումբ JAMA Dermatology ամսագրում։
Georgia Regents համալսարանի մաշկաբանության ֆակուլտետի դոկտոր Լինդսի Շիպի գլխավորած գիտնականների խումբը նշել է, որ մատնահարդարման սրահներում ուլտրամանուշակագույն ճառագայթում ընդունելու մասին նախորդ հետազոտությունները բավական մանրակրկիտ չեն կատարվել՝ հիմք չտալով հավաստի հետեւություններ անելու համար։
Իր ուսումնասիրության ժամանակ Շիպի խումբը չափել է տարբեր կողմերից ընկնող ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությունը 17 տարբեր տեսակի չորացնող լամպերի դեպքում։ Գիտնականներն անցկացրել են այս ուսումնասիրությունը 16 տարբեր մատնահարդարման սրահներում։
Առաջին հերթին կային զգալի տարբերություններ ուսումնասիրված սարքերի արձակած ուլտրամանուշակագույն լույսի ինտենսիվության մեջ։ Ձեռքերի վրա ազդեցության մակարդակը տարբերվում էր նաեւ կախված սարքի դիրքից։
«Ընդհանուր առմամբ, մեկ անգամ եղունգի լաքը լամպով չորացնելիս մարդը չի ընդունում վտանգավոր չափով ՈՒՄ- А ճառագայթ, որը կարող է քաղցկեղ առաջացնել, - ասում է Շիպի հետազոտողների խումբը։ - Եվ անգամ այսպիսի մի քանի այցելությունների դեպքում քաղցկեղի առաջացման վտանգը շատ քիչ է»։
Այնուամենայնիվ, հետազոտողները ասում են, որ համաձայն են նախկին ուսումնասիրությունները կատարած գիտնականների հետ, որ պետք է անվտանգության եւ նախազգուշացման միջոցներ ձեռք առնել, այդ թվում նաեւ օգտագործել արեւապաշտպան քսուքներ կամ կրել ՈւՄ- А պաշտպանիչ ձեռնոցներ՝ քաղցկեղի առաջացման եւ մաշկի վաղաժամ ծերացման վտանգի կանխման համար։






