ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կալանավորել են մանկաբույժ Իշրաթ Սոհեյլին, ում մեղադրում են երեխաներին պատվաստանյութի ամբողջական դոզաներ չներարկելու մեջ: Ֆլորիդայի առողջապահության դեպարտամենտը եւ գլխավոր դատախազության խարդախության դեմ պայքարի վարչությունը պարզել են նաեւ, որ մանկաբույժը Vaccines for Children Program ծրագրի շրջանակում մասնավոր ապահովագրությամբ այցելուներին պատվաստել է պատվաստանյութերով, որոնք նախատեսված էին ապահովագրություն չունեցող մարդկանց եւ Medicaid ապահովագրություն ունեցողների համար:

Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, մանկաբույժի գործողությունների հետեւանքով տուժել է գրեթե 500 հիվանդ, որոնց հիմա ստիպված են վերապատվաստել, քանի որ պատվաստանյութի ոչ ամբողջական դոզաները պոտենցիալ վտանգավոր հիվանդություններից պաշտպանության պատշաճ մակարդակ չեն ապահովում:

Ֆլորիդայի առողջապահության դեպարտամենտը կոչ է անում այն երեխաների ծնողներին, որոնց բժիշկ Սոհեյլը պատվաստել է 2016-ից 2018 թվականներին, խորհրդակցել ուրիշ մանկաբույժի հետ եւ մտածել վերապատվաստման մասին:

Դեպարտամենտի մասնագետները նաեւ կարծում են, որ բժիշկ Սոհեյլը երեխաներին պատվաստելիս չի պահպանել հիգիենայի եւ անվտանգության տարրական սկզբունքները: Այս պատճառով բժիշկ Սոհեյլի կամ նրա անձնակազմի մոտ պատվաստվելուց հետո լուրջ ռեակցիաների կամ ինֆեկցիաների բախված երեխաների ծնողներին կոչ են անում դիմել Օրինջ շրջանի առողջապահության ոլորտի մասնագետներին:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ բժիշկ Սոհեյլը Պակիստանում ավարտել է Liaquat University of Medical & Health Sciences համալսարանը, հավաստագիր է ստացել Մանկաբույժների ամերիկյան խորհրդի կողմից: Ներկայումս նրա բժշկական լիցենզիան կասեցված է: