ԱՄՆ Թեխաս նահանգի վիրաբույժները բախվել են հազվագյուտ դեպքի. նրանց է դիմել այցելու, որի ազդրում խցանված էր մնացել հրավառության չպայթած արկը: Բժիշկները վիրահատությունից առաջ խորհրդատվության նպատակով պայթյունների մասնագետների եւ հրշեջների են հրավիրել:

Ինչպես պարզաբանել է 44-ամյա այցելուն, հրավառություն արձակելիս արկերից մեկը արձակման կայանքից դուրս չի թռել: Այդ ժամանակ տղամարդը որոշել է այն վերալիցքավորել, սակայն տեղի է ունեցել պայթյուն: Քանի որ նրա ազդրի մեջ խցանված արկը կարող էր պայթել, բժիշկները ստիպված էին դիմել Պայթյունավտանգ իրերի վնասազերծման ծառայություն եւ հրշեջների կանչել:

Այցելուին մյուս հիվանդներից մեկուսացրել են: Փորձագետների խորհրդով վիրաբույժները վերքի վրա ջուր են լցրել՝ պայթուցիչը վնասելու համար: Նրանց նաեւ արգելել են վնասված հատվածը ցանկացած ձեւով տաքացնել, օրինակ՝ էլեկտրական դանակով:

Վիրաբույժները ստիպված էին հիվանդի ոտքին մետաղական շտիֆտ դնել եւ վերքը փակել մաշկի կտորով: Հիվանդանոցում անցկացրած 2 շաբաթից հետո տղամարդուն տուն են ուղարկել:

Բժիշկները նշում են, որ չպայթած արկերի հետ կապված վնասվածքներն ավելի շուտ զինվորականներին են հատուկ, խաղաղ բնակչության շրջանում դրանք չափազանց հազվադեպ են: Սակայն վերջին տարիների ահաբեկչական հարձակումների լույսի ներքո նրանք կարծում են, որ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես գործել հիվանդների մարմնի մեջ խցանված արկերի դեպքում՝ պայթյունից խուսափելու համար: