Մարտի 1-ից դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի՝ ուժի մեջ մտնելու կապակցությամբ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ նշելով որոշման բացասական հետեւանքների մասին: Հայտարարության համաձայն՝ ներդրված կարգը բազմաթիվ դրական նպատակներ է հետապնդում, օրինակ՝ խուսափել ինքնաբուժումից, ոչ մասնագիտական (փորձնական) բուժում կատարելուց, բուժաշխատողների, ինչպես նաեւ դեղատների աշխատակիցների կողմից աննպատակ հակաբիոտիկների օգտագործումից եւ այլն, սակայն առկա են նաեւ բացասական հետեւանքներ:
1) Առողջապահական համակարգի կարեւորագույն օղակներից մեկը կայացած մասնագիտական բժշկական հանրությունն է, որի գործունեությամբ էլ հիմնականում ձեւավորվում են առողջապահության արդյունավետությունը, հասանելիությունն ու մատչելիությունը: Ներդրվող նոր կարգը չի նպաստում նշված գործոնների զարգացմանը, այն ունի միայն մեկ բիզնես ուղղություն եւ կգործի որպես այդպիսին:
2) Բուժման միջոցի՝ դեղաձեւի ընտրությունը միշտ պետք է լինի բուժող բժշկի պրիորիտետը (օրիգինալ պրեպարատ, թե՞ ջեներիկ): Հակառակ դեպքում ունենալու ենք դեղատներում բուժում գրման ցավալի իրողությունը, որը միշտ հանգեցնում է հիվանդի համար վատ հետևանքների:
3) Հանրությունը դեռեւս պատրաստ չէ նման մեծ ծավալի համակարգչային փոփոխությանը: Լրացուցիչ ծախսեր են առաջանալու՝ կապված նյութատեխնիկական ապահովվածության հետ, իսկ առաջացած ծախսերը, վերջին հաշվով, փակվելու են դեղերի արհեստական թանկացման միջոցով՝ հիվանդի գրպանից:
4) Ժամանակ է անհրաժեշտ դեղատների հսկողության հետ կապված՝ անցումային նախապատրաստական ժամանակ:
5) Պետք է հեշտացնել լրացուցիչ թղթաբանական քաշքշուկները՝ համապատասխան նորմատիվների:
6) Արհեստական գերծանրաբեռնվածություն է առաջանալու պոլիկլինիկայում (առաջնային դեղ գրող օղակում) եւ հսկայական թվով հիվանդներ միաժամանակ կայցելեն պոլիկլինիկա ոչ թե բուժման, այլ դեղ դուրս գրելու հետ կապված:
7) Կձեւավորվի արհեստական բացասական վերաբերմունք հիվանդների կողմից բժիշկների հանդեպ:
8) Դեղատոմսերը շատ հեշտությամբ կարող են դառնալ մանիպուլյացիայի միջոց հիվանդների կողմից:
9) Դեղատոմսերի ոչ ճիշտ լրացման հետ կապված տուգանքի մեխանիզմները (չափը, ժամանակահատվածը,) ճիշտ կլինի վերանայել:
Ասոցիացիայի հաղորդագրության մեջ, միաժամանակ, նշվում է, որ մաշկավեներաբանության ծառայությունից օգտվող բուժառուների (պացիենտների) զգալի մասը գերադասում է անանուն հետազոտում եւ բուժում, ինչը հաջողությամբ կիրառվում է ոչ միայն Մաշկաբանության եւ ՍՎ ԲԳ կենտրոնում, այլեւ մաշկավեներաբանների կողմից ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում: Առավել կարեւոր է այս մոտեցումն իրականացնել ռիսկի խմբերին պատկանող անձանց ընդունելության եւ բուժսպասարկման պարագայում:
Այս մեթոդի շնորհիվ վերջին տարիներին հետազոտվել եւ բուժվել են հազարավոր պացիենտներ ու նրանց զուգընկերները, ինչի հետեւանքով սեռավարակների տարածվածության զգալի նվազում է գրանցվել: Մինչդեռ այդ խմբերի հիվանդների գրանցման առաջարկված մոտեցումը (սոց.քարտ, անձնագրային տվյալներ եւ այլն) ոչ միայն հակասում է բժշկական գաղտնիքի սկզբունքին, այլեւ կարող է նպաստել հիվանդների՝ բուժհիմնարկներ դիմելիության կտրուկ նվազմանը:






