Մայիսի 3-4 առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա Օրթոդոնտների միջազգային համագումար:  Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայից:

Միջազգային համագումարին մեկ տասնյակից ավելի հայտնի օրթոդոնտներ Հայաստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Հունգարիայից եւ Թուրքիայից կներկայացնեն իրենց փորձն ու օրթոդոնտիայում զարգացման նորագույն մոտեցումները, այդ թվում ատամնաշարի եւ ծնոտների ձեւախախտումների շտկման, նաեւ բարդ ախտորոշվող եւ բուժվող խանգարումների ժամանակ: Ժամանակակից մոտեցումների շնորհիվ այդ ամենի բուժումը դառնում է անտեսանելի: Միջազգային մասնագետները կներկայացնեն նոր սերնդի օրթոդոնտիկ սարքեր, նաեւ նոր սերնդի եռաչափ ռենտգեն սարքավորումներ:

Օրթոդոնտիան այժմ էսթետիկ ատամնաբուժության ամենապահանջված  ուղղություններից մեկն է, որը   զբաղվում է ատամների եւ ծնոտի ուղղումով՝  հիվանդի արտաքին տեսքի եւ առողջության բարելավման նպատակով:   Օրթոդոնտիկ բուժման շնորհիվ լուծվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ատամների ոչ ճիշտ դասավորությունը, ոչ ճիշտ կծվածքը կամ քունքստործնոտային հոդի հետ կապված խնդիրները:

Օրթոդոնտիկ բուժման կարիք ունեցող հիվանդը բուժումը կարող է սկսել ցանկացած տարիքում: Ավելի ու ավելի շատ չափահաս մարդիկ են դիմում բուժման այս մեթոդին` նպատակ ունենալով ուղղել այս կամ այն լուրջ թերությունը եւ ժպիտն ավելի գրավիչ դարձնել:

Օրթոդոնտների միջազգային համագումար կազմակերպում է Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիան: