Մայիսի 5-ին Հայաստանում տեղի կունենա «էրգոթերապիա մասնագիտության զարգացումը Հայաստանում եւ Վրաստանում. 10 տարի անց» խորագրով  Էրգոթերապիայի 2-րդ համակովկասյան աշխատաժողովը:

Կքննարկվի Էրգոթերապիա մասնագիտության կայացումը կովկասյան տարածաշրջանում, ձեռքբերումներն ու խոչընդոտները, ազդեցությունն ինտեգրված  հասարակության կայացման գործընթացում:

Աշխատաժողովի սկզբում ելույթ կունենան  ՀՀ ազգային ժողովի առողջության, մայրության ու մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, Հոլանդիայի Էրգոթերապիստների ասոցիացիայի պատվավոր անդամ, Էրգոթերապիստների Համաշխարհային Ֆեդերացիայի համագործակից, Էրգոթերապիայի Թյունինգ նախագծի ղեկավար Հաննեկե վան Բրյուգգենը, Վրաստանի Էրգոթերապիայի Ասոցիացիայի փոխնախագահ Լյուսիա Օգանեզովան, Հայկական Էրգոթերապիատների Ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀՊՄՀ դասախոս Մարիաննա Հարությունյանը, Տեմպուսի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան: Բացման խոսքը կասի ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Հ/Գ. Էրգոթերապիան միջամտության ուղի է, որի միջոցով վերականգնվում է ֆիզիկական և մտավոր անկարողություններով անձանց նպատակային գործունեությունը և աշխատանքային կարողությունը:

Շատերը կարծում են, որ Էրգոթերապիան առհասարակ նոր մասնագիտություն է, սակայն դա այդպես չէ: Մասնագիտության հիմնադիրներն են համարվում Ֆիլիպ Պինելը եւ Ուիլյամ Տյուկը: 1840-1860-ական թվականներին ամերիկյան հիվանդանոցներում լայնորեն օգտագործվում էին Պինելի եւ Տյուկի առաջարկած մեթոդները, եւ այս տարիները էրգոթերապիայի զարգացման ոսկե դար են համարվում: