Հայաստանի առողջապահության նախարարության եւ ապահովագրական ընկերությունների միջեւ 2017 թվականին կնքված պայմանագրերի շրջանակներում 2017 թվականի հոկտեմբերի 1–ից մինչեւ դեկտեմբերի 31–ը ընկած ժամանակահատվածում սոցիալական փաթեթի շահառուներին մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում 100 000 քաղաքացու սպասարկման համար իրականացվել է 945 մլն դրամ (1.93 մլն դոլար) ֆինանսավորում կամ յուրաքանչյուր շահառուի հաշվով միջինում 9450 դրամ:
Այս մասին նշվում է Հայաստանի Առողջապահության նախարարության գրավոր պատասխանում NEWS.am Medicine-ի հարցմանն այն մասին, թե ապահովագրական ընկերությունները սոցիալական փաթեթի քանի շահառու են սպասարկել եւ ինչ է լինելու այն փողերի հետ, որոնք մնացել են նրանց մոտ:
Նշենք, որ, մենք խնդրել էինք տեղեկություն տրամադրել 6 ապահովագրական ընկերություններից յուրաքանչյուրի մասին, բայց ԱՆ-ն միայն ընդհանուր թվեր է ներկայացրել:
«Ապահովագրական ընկերությունների կողմից մատուցված ծառայությունների քանակը 2017 թվականի հոկտեմբերի 1–ից մինչեւ դեկտեմբերի 31–ը ընկած ժամանակահատվածում կազմել է 35751 (ներառյալ դժվարամատչելի հետազոտություններ եւ կանխարգելիչ քննություններ), որոնց դիմաց առողջապահական կազմակերպություններին հատուցվել է 836.2 մլն դրամ», – նշվում է պատասխանում։
Այն հարցին, թե որքան գումար է մնացել ապահովագրական ընկերությունների մոտ եւ թե ինչ է լինելու նրանց հետ, նախարարությունում խորհուրդ են տվել դիմել հենց ապահովագրական ընկերություններին. «Ապահովագրական ընկերություններում շահույթի առկայության եւ դրա ծախսման ուղղությունների հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ապահովագրական ընկերություններին»:
Դժվար չէ հաշվել, որ 3 ամսվա ընթացքում սոցիալական փաթեթի շահառուներին սպասարկելու մասով ապահովագրական ընկերությունների եկամուտը կազմել է 108,8 մլն դրամ (230 000 դոլոր), այսինքն հատկացված գումարի մոտ 11 տոկոսը:
Այս գումարի որ մասն է կազմում ընկերությունների շահույթը, դժվար է ասել, բայց նախարար Ալթունյանը վստահեցնում էր, որ նրանց շահույթը չի գերազանցում 5 տոկոսը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ից պետությունը սոցիալական փաթեթի շահառուների համար վեց ապահովագրական ընկերություններից բժշկական պոլիսներ է ձեռք բերում: Նախկինում սոցիալական փաթեթի շահառուները պետպատվերի շրջանակներում հերթագրումով սպասարկվում էին սոցիալապես անապահովների եւ այլ արտոնյալների հետ միասին:






