53-ամյա Սայմոն Ուոլքերի սիրտը կանգ  է առել Անգլիայի Մեծ Մանչեսթերում գտնվող ատամնաբուժական կլինիկաներից մեկում։ Ատամնաբույժ Չանդրա Մետան եւ նրա 23 ամյա ադմինիստրատոր Շարլոտտա Անդերսոնը միանգամից ցույց են տվել առաջին բուժօգնություն՝ կատարելով սիրտ-թոքային վերակենդանացում եւ կիրառելով դեֆիբրիլիատոր՝ նրա կանգնած սիրտը աշխատացնելու համար։

Երբ մարդը հանկարծ կորցրել է գիտակցությունը եւ ընկել է հատակին, ատամնաբույժն ու ադմինիստրատորը փորձել են վերակենդանացնել նրան, բայց ոչինչ չի ստացվել։

«Ես նայեցի նրան, - կլինիկապես նա մահացած էր։ Նա կապտել էր, եւ նրա աչքերը բաց էին։ Դա սարսափելի էր», - ասել է ադմինիստրատորը Daily Mail-ին տված իր հարցազրույցում։ «Մենք վերցրեցինք դեֆիբրիլիատորը եւ երկու անգամ այն օգտագործելուց հետո միայն, ուշքի բերեցինք նրան»։

Ադմինիստրատորը նաեւ նշել է, որ իրենց, իհարկե, սովորեցրել են, թե ինչպես է պետք առաջին օգնություն ցույց տալ, սակայն նա երբեք չի մտածել, որ գործնականում կօգտագործի այս գիտելիքները։

Այժմ Սայմոն Ուոլքերը գտնվում է Ուայտենշո կլինիկայում  եւ իրեն շատ ավելի լավ է զգում։ Նա ասել է, որ չգիտի, թե ինչպես շնորհակալություն հայտնի ատամնաբուժական կլինիկայի աշխատակիցներին. «Ես ուզում եմ ինչ-որ մի բան անել նրանց համար, բայց ես չգիտեմ թե ինչ: Ես, հավանաբար, կփորձեմ դրամահավաք  կազմակերպել նոր դեֆիբրիլյատոր ձեռք բերելու համար», - ասել է նա:

Մագգի Ջեքսոնը, ում պատկանում է այդ ատամնաբուժարանը, շատ լավ է ճանաչում Սայմոն Ուոլքերին։ «Նա իմ ընկերն է, եւ այն, որ իմ աշխատողները փրկել են նրան, պարզապես հրաշալի է։ Փառք Աստծո, որ նա հենց այստեղ էր եկել», - ասել է նա:

Ատամնաբուժական գլխավոր խորհրդի խնդրանքով Մեծ Բրիտանիայի բոլոր ատամնաբուժական կլինիկաներում պետք է լինեն դեֆիբրիլյատորմեր, բայց իրավաբանորեն այս հարցը դեռեւս չի կարգավորվում։

«Դեֆիբրիլյատորները շատ թանկ են եւ արժեն մոտ £ 1000 ($ 1690), բայց դա ի՞նչ է մարդկային կյանքի հետ համեմատած», - ասել է ատամնաբուժական կլինիկայի ղեկավարը։ - «Սա, անկասկած այդ £ 1000 ծախսելու լավագույն միջոցն է։ Նա մահացել էր երեկ, իսկ այսօր նա ողջ է»: