Բժիշկները ստիպված էին 26-ամյա Ռաուլ Ռեյեսի աջ ոտքն անդամահատել՝ նրա կյանքը փրկելու համար: Ռաուլը վարակվել էր մարմինն ուտող բակտերիաներով, որոնք նրա կյանքին լուրջ սպառնալիք էին ներկայացնում:
Ռաուլը բժիշկներին է դիմել բշտիկի բողոքով, որն աշխատավայրում թեթեւ վնասվածքից հետո առաջացել էր նրա ոտքին: Շուտով պարզվել է, որ դա ոչ թե սովորական բշտիկ էր, այլ վտանգավոր բակտերիալ ինֆեկցիա, որն արագ տարածվում էր ամբողջ աջ ոտնաթաթով: Հայտնի չէր, թե նա որտեղ էր այս ինֆեկցիայով վարակվել: Բայց քանի որ այլ բուժում չկաը, բժիշկները ստիպված էին նրա ոտքն անդամահատել:
Այսպիսի բակտերիաները սովորաբար բնակվում են աղի ծովաջրում: Անցյալ տարվա սեպտեմբերին այսպիսի բակտերիայով էր վարակվել փրկարարներից մեկը, որը մարդկանց օգնում էր «Հարվի» փոթորկի ժամանակ: Եթե նրան ժամանակին օգնություն չցուցաբերեին, նա ինֆեկցիայի հետեւանքով կմահանար: Իսկ հոկտեմբերին Թեխասից մի կին նույն բակտերիաներով էր վարակվել հում ոստրե ուտելուց հետո: Նրան, սակայն, չէր հաջողվել փրկել:
Մարդիկ այս բակտերիաներով առավել հաճախ վարակվում են մայիսի եւ հոկտեմբերի միջեւ ընկած ժամանակահատվածում: Ինֆեկցիայի ախտանիշներն են՝ դիարեա, սրտխառնոց, դող եւ տենդ: Ինֆեկցիան որոշ դեպքերում հիվանդի մահվան է հասցնում:
Ինչպես պատմել է Ռեյեսի կինը՝ Ջոսելինը, վերջին տարվա ընթացքում իրենք լողափ չեն գնացել, այս պատճառով անհասկանալի է, թե նա ինչպես եւ որտեղից կարող էր վարակվել:
Այսպես թե այնպես, երիտասարդը անդամահատումից հետո իրեն ամուր է պահում եւ անհամբերությամբ սպասում է, թե երբ կտեղադրվի պրոթեզը: Սակայն քանի որ Ռաուլն ապահովագրություն չունի, նրա ընտանիքը GoFundMe հարթակում դրամահավաքություն է սկսել, որպեսզի վճարի պրոթեզի համար:






