Հատուկ անասնաբույժների համար նախատեսված դեղատոմսերի ձևաթղթեր չեն լինի, սակայն անասնաբույժները կարող են հակաբիոտիկներ, որդամուղ և այլ դեղամիջոցներ նշանակել այն ձևաթղթերի վրա, որոնք օգտագործվում են բժիշկների կողմից: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ բժշկական տեխնոլոգիաների եւ մարդասիրական օգնության բաժնի ղեկավար Մարինա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ անասնաբույժները կարող են համար 3 ձևաթղթերը ներբեռնել Arlis կայքից, տպել եւ դրա վրա նշանակումներ կատարել՝ «անասնաբուժական» նշումով: Այս ձեւաթղթի վրա անասնաբույժը պետք է գրի նաև իր տվյալները եւ կնիք դնի, եթե այն ունի: Ինչպես նշեց Մարինա Հարությունյանը, հիվանդի անուն/ազգանունը եւ այլ տվյալներ լրացնել հարկավոր չէ, քանի որ ձեւը լրացվում է կենդանու համար:

Հիշեցնենք, որ, կառավարության՝ 2017 թվականի աշնանը ընդունված որոշման համաձայն, 2018 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել դեղատոմսով դեղերի տրամադրման նոր կարգը: Նախեւառաջ, դեղատոմսերով սկսել են վաճառվել հակաբիոտիկները, հորմոնալ դեղամիջոցները եւ կոդեին պարունակոց դեղերը: Հուլիսի 1-ից կանոնը կտարածվի նաև բոլոր ներարկային դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ դեղատոմսով դեղերի ցանկում ընդգրկված բոլոր դեղամիջոցները կտրամադրվեն միայն դեղատոմսերով:

Նոր օրենքը վրդովմունք է առաջացրել ոչ միայն բնակչության շրջանում, այլ նաև՝ անասնաբույժների, որոնց համար նախկինում դեղատոմսեր նախատեսված չեն եղել: Տնային կենդանիներին բուժելու համար անասնաբույժները հաճախ մարդկանց համար նախատեսված դեղամիջոցներ են դուրս գրում: Այս դեղերի մեծ մասը (հատկապես հակաբիոտիկները) այսուհետ միայն դեղատոմսերով են բաց թողնվում, ուստի անասնաբույժները, ինչպես նաև տնային կենդանիների տերերը, մտավախություն ունեին, որ կենդանիների բուժման հետ կապված լուրջ խնդիրներ կարող են առաջանալ: