Հայաստանին անհրաժեշտ էր դեղատներից բժշկի դեղատոմսով դեղերի դուրսգրման նոր կարգը եւ բխում է երկրի քաղաքացիների շահերից: Այս կարգի դեմ կարող են հանդես գալ թերեւս միայն դեղատները, որոնք կարող են կորցնել իրենց «իշխանության» եւ հնարավոր է՝ շահույթի մի մասը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Մինչեւ հիմա դեղատները հիվանդներին բուժում էին թելադրում, իսկ դեղատների աշխատակիցները, բժիշկ չլինելով, հիվանդներին դեղեր էին նշանակում: Բնական է, որ նրանք այդ ընթացքում առաջնորդվում էին դեղատան շահերով եւ ձգտում էին որքան հնարավոր է շատ դեղ վաճառել: Օրինակ՝ դեղատների շատ աշխատողներ հակաբիոտիկների հետ պարտադիր առաջարկում են թանկարժեք հակասնկային դեղամիջոցներ, չնայած մեծ մասամբ հակաբիոտիկների հետ այս դեղամիջոցների ընդունման ոչ մի անհրաժեշտություն չկա:

Ինչպես նշեց թոքաբանը, հիմա դեղատների աշխատակիցները չեն կարողանա հիվանդներին ազատ դեղեր վաճառել, իսկ իրենք հիվանդները, վերջապես, ստիպված կլինեն իրենց բուժումը վստահել իսկական մասնագետներին:

Անդրանիկ Ոսկանյանը հիշեցրեց, որ ինքնաբուժումը կարող է բերել անչափ տխուր հետեւանքների, քանի որ բժշկական կրթություն չունեցող մարդը չի կարող իրեն ճիշտ ախտորոշում կատարել եւ բուժում սկսել: Այսպես, եթե մարդը սկսի գլխացավը բուժել ցավազրկող հաբերով, նա կարող է աչքաթող անել ճնշման լուրջ խպնդիրները կամ կաթվածը, կամ, օրինակ, ուռուցքը: Այս բոլոր խնդիրները, բնականաբար, ցավազրկողների օգտագործման հետեւանքով չեն անհետանա, հակառակը՝ կզարգանան եւ կխորանան:

Թոքաբանը իր պրակտիկայից մի դեպք հիշեց. մակաբուծային ինֆեկցիայի ֆոնին հիվանդ կնոջ մոտ ասթմայի սրացում կար, եւ բժիշկը նրան հակաճճվային դեղամիջոց էր նշանակել: Այս կինը կրկնակի խորհրդատվության չեկավ եւ հայտնվեց միայն մեկ տարի հետո: Նա շատ վատ տեսք ուներ, սարսափելի նիհարել էր, թույլ էր: Պարզվեց, որ այդ ժամանակ բժշկի նշանակած դեղամիջոցը նրա վիճակը բարելավել է, եւ դրանից հետո նա ամեն անգամ ասթմայի սրացման դեպքում ընդունել է նույն հակաճճվային միջոցը (չնայած նրա մոտ այլեւս չկային ասկարիդներ), ինչն, իհարկե, չափազանց բացասաբար է ազդել նրա առողջական վիճակի վրա:

Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ այս դեպքն ակնհայտ ցույց է տալիս, թե ինչու է այդքան կարեւոր ինքնաբուժմամբ չզբաղվելը եւ քրոնիկական հիվանդությունների դեպքում ժամանակ առ ժամանակ բժշկին այցելելը, որը կարող է բուժումը շտկել: Նույնիսկ եթե բժիշկը մեկ անգամ դեղամիջոց է նշանակել, եւ բուժումն օգնել է, սա ամենեւին չի նշանակում, որ համանման բոլոր դեպքերում կարելի է կամ պետք է նույն դեղամիջոցն ընդունել:

Գլխավոր թոքաբանի կարծիքով՝ դեղատոմսերով դեղերի բացթողումը պարզապես անհրաժեշտ է այնպիսի երկրին, ինչպիսին Հայաստանն է, ավելին՝ նոր կարգը պետք էր շատ ավելի վաղ ներդնել: