Հայաստանի Հանրապետության կառավարությունը մարտի 6-ի նիստին մերժել է «Դեղերի մաիսն» օրենքում մի շարք պատգամավորների կողմից ներկայացված փոփոխությունների նախագիծը, որի համաձայն առաջարկվել էր հիվանդանոցներին դեղորայքի ներմուծման իրավունք տրամադրել՝ առանց մեծածախ առեւտրի լիցենզիայի, հիվանդանոցի՝ դեղատնային գործունեության լիցենզիայի առկայության դեպքում, ինչպես նաեւ թույլ տալ ֆիզիկական անձանց ոչ միայն իրենց կարիքների համար դեղեր բերել արտերկրից, այլ նաեւ՝ ընտանիքի անդամների: ՀՀ առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել պատգամավորների առաջարկին, որը նիստի ժամանակ ներկայացրել էր առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:
Նա նշել է, որ, հաշվի առնելով դեղերի մեծածախ առեւտրի լիցենզավորման առանձնահատկությունները, առողջապահության նախարարությունը հարմար չի համարում նման իրավունք տրամադրել հիվանդանոցներին: Նրա խոսքով՝ բժշկական հաստատությունները կարող են առանձին կարգով դիմել մեծածախ գործունեության լիցենզիա ստանալու համար եւ դեղամիջոցներ ներմուծել:
Ինչ վերաբերում է երկրորդ առաջարկին, ապա, ըստ փոխնախարարի, պատգամավորների առաջարկում ներկայացվել է ընտանիքի անդամների բավականին ընդարձակ ցանկ՝ ընդհուպ մինչեւ պապիկներ, թոռներ, որդեգրած երեխաներ եւ ծնողներ, ինչը հակասում ՀՀ Ընտանեկան օրենսգրքի դրույթներին, ըստ որի, ընտանիքի անդամ են համարվում միայն ամուսինը, կինը եւ երեխաները. «Բացի այդ, մոտ ապագայում մենք կառավարության հաստատմանը կներկայացնենք դեղերի ներմուծման նոր ընթացակարգը, ըստ որի ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծող դեղերի կարգը կպարզեցվի եւ կմեծացվի քանակությունը»,- ասել է նա:






