Ատամնաշարը ուղղող թափանցիկ, անտեսանելի բրեկետները, որոնք հայտնի են որպես Incognito, օգտագործվում են Եվրոպայում 2004 թվականից։ Հայաստանում դրանք դեռ չեն կիրառվում, քանի որ, ինչպես նշում են մասնագետները, այդպիսի օրթոդոնտիկ բուժումը շատ թանկ է, եւ այս պահին Հայաստանում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ օգտվել դրանից։

Օրթոդոնտ Հարություն Դեդեյանը (Հունգարիա, Բուդապեշտ) մի փոքր պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին Incognito-ի մասին։ Երեւանում անցնող Օրթոդոնտների առաջին միջազգային համագումարին Հարություն Դեդեյանը ներկայացրեց այս մեթոդը, որը նա իր պրակտիկայում սկսել է կիրառել 2005 թվականից։

«Incognito-ն լինգվալ բուժման ամենազարգացած ձեւն է։ Սովորաբար ատամնաշարը ուղղող գործիքը ատամների դրսի մակերեսին է դրվում, իսկ Incognito-ն դրվում է ներսի մակերեսին», - ասաց օրթոդոնտը NEWS.am Medicine-ի թղթակցին։

Ինչպես նշեց Հարություն Դեդեյանը, Incognito մեթոդով բուժման ժամանակ բոլոր անհրաժեշտ գործիքների ամեն մի մասնիկ պատրաստվում է տվյալ հիվանդի համար, իսկ ամբողջ բուժումը սկզբից մինչեւ վերջ այնպես է կազմակերպվում, որ ոչ մի պահ այն պատահականությանը չմատնվի։ Ամբողջ բուժումը կազմակերպվում է համակարգչով, ընդ որում կիրառվում է նաեւ 3D Printing-ը։

Ժամանակի եւ արդյունքի տեսակետից այս մեթոդը նույնպես շատ արդյունավետ է, նշեց բժիշկը։ Մեկ բուժումը Incognito մեթոդով սովորաբար պահանջում է մոտ 14-16 ամիս, բայց լինում են նաեւ ավելի կարճ բուժումներ, որոնք տեւում են 10-12 ամիս, լինում են եւ բարդ դեպքեր՝ 20-24 ամիս տեւողությամբ։ Ամեն դեպքում, բժշկի խոսքով, այսպիսի բուժումը շատ ավելի արագ է, քան ատամնաշարն ուղղելու այլ մեթոդներով բուժումները, քանի որ բուժման բոլոր փուլերը ամենասկզբից արդեն ծրագրված են։

«Ուսումնասիրում ենք, թե ինչպես է ծնոտային ոսկորը դիմադրում ուժին՝ կախված մարդու տարիքից։ Բուժման ընթացքը եւ բոլոր քայլերը համապատասխանեցնում ենք մարդու տարիքի եւ ոսկրային պոտենցիալի հետ», - ասաց Հարություն Դեդեյանը։

Incognito մեթոդը ատամնաշարն ուղղելու ամենանորարարական մեթոդներից մեկն է, սակայն դրա բարձր գների պատճառով այն դեռ չի կիրառվում Հայաստանում։ Կոնկրետ գներ բժիշկը չցանկացավ նշել, բայց ասաց, որ հսկայական տարբերություն կա «պարզ շարժողական գործիքով բուժման եւ այս բուժման միջեւ»։