2017 թվականի նոյեմբերից սկսած Ֆրանսիայում գրանցվել է կարմրուկով վարակվելու ավելի քան 900 դեպք, նշված է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

«Մարտի 12-ի դրությամբ 59 դեպատամենտներում գրանցվել է կարմրուկով հիվանդացության 913 դեպք: Նրանցից 201 մարդ հոսպիտալացվել է, մեկը՝ մահացել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի բնակիչներին իշխանությունները կոչ են անում պատվաստումներ կատարել՝ համաճարակի ծավալումը կանխելու համար: «Հաշվի առնելով, որ դեպարտամենտից կախված՝ երկրորդ պատվաստումը կատարել են բնակիչների 62 տոկոսից 88 տոկոսը, հարկավոր է զգուշանալ առաջիկա ամիսներին ազգային մակարդակով համաճարակի տարածումից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կարմրուկի հետեւանքով մահվան դեպք է գրանցվել Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա շրջանում:

Ինչպես այսօր հայտնեցին Հայաստանի առողջապահության նախարարությունից, Հայաստանում տարեսկզբից գրանցվել է բերովի կարմրուկի 7 դեպք: