Մինչեւ վերջերս Հայաստանի ծննդատների միայն մի մասում էր նորածինների լսողության սկրինինգ անցկացվում, եւ դա յուրատեսակ խտրականություն էր այն երեխաների նկատմամբ, որոնք ծնվում էին այլ ծննդատներում: Իսկ այժմ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում սկրինինգային ծրագիրը կընդլայնվի, եւ մոտ ապագայում հանրապետության բոլոր ծննդատներում նորածինների լսողության սկրինինգ կանցկացվի ծնունդից երկու օր անց: Ինչպես հայտնել է նարտի 14–ին Ճապոնիայի դեսպանատան եւ «Հավատ» հասարակական կազմակերպության միջեւ համագործակցության համաձայնագրի կնքմանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին՝ 91 հազար ԱՄՆ դոլարդի դրամաշնորհային ծրագիրը հնարավորություն կընձեռի սկրինինգի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել հանրապետության բոլոր ծննդատների համար:
Ծանրալուրության ժամանակին ախտորոշման կարեւորությունը թերագնահատել չի կարելի, իր հերթին ասաց «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ հիմնադիր, ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը: Նա նշեց, որ եթե երեխայի մոտ ծանրալուրությունը հայտնաբերվում է վաղ տարիքում, ապա այդ երեխան ունի բոլոր հնարավորությունները հասարակության լիիրավ անդամ դառնալու համար. նա կարող է խոսել սովորել, մանկապարտեզ, դպրոց, համալսարան հաճախել եւ աշխատել: Իսկ եթե լսողության հետ կապված խնդիրը չափազանց ուշ է հայտնաբերվում, ոչ մի գումար չի կարող փոխհատուցել կորցրած ժամանակը: Նույնիսկ երեխաների խոսքը, ում մոտ ծանրալուրությունը ախտորոշվել է վաղ շրջանում, կտրուկ տարբերվում է այն երեխաներից, որոնք սկսել են խոսել միայն 5-6 տարեկանում:
«Առողջապահության հիմնական նպատակը բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը, հաշմանդամության եւ մահացության մակարդակի նվազեցումն է: Այս ծրագիրը հենց այդպիսի լավ ծրագրի օրինակ է առողջապահության ոլորտում: Այսուհետ Հայաստանի ծննդատներում ծնվող բոլոր երեխաները կարող են լսողության սկրինինգ անցնել, եւ եթե որեւէ մեկի մոտ խնդիրներ հայտնաբերվեն, նրանց ժամանակին օգնություն կցուցաբերվի: Ապագայում այս երեխաները կկարողանան մանկապարտեզ, դպրոց հաճախել, բարձրագույն կրթություն ստանալ եւ աշխատել», - նշեց Արա Բաբլոյանը:
Մեկ այլ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայաստանյան «Օրթեզ» օրթեզավորման կենտրոնը Ճապոնիայի կառավարությունից 120 հազար եվրո է ստացել օրթեզների (բժշկական հատուկ հարմարանքներ, որոնք օգտագործվում են մարմնի որեւէ մասը, օրգանների համակարգը ճիշտ դիրքում ֆիքսելու եւ պահելու համար) պատրաստման համար թանկարժեք սարքավորումների ձեռքբերման նպատակով: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Արա Թեքգյոզյանը, յուրաքանչյուր տարի այս սարքավորման շնորհիվ կենրոնում մոտ 2000 տարբեր օրթեզներ են պատրաստվում երեխաների եւ մեծահասակների համար:
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մասամբ վերանորոգվել է նաեւ «Հերացի» ավագ դպրոցը. որոշ դասասենյակներ հագեցվել են կենսաբանության, քիմիայի եւ այլ գիտությունների ուսումնասիրման համար անհրաժեշտ սարքավորումներով:
Ինչպես այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դեսպան Էյջի Տագուչին, ընթացիկ տարում Ճապոնիան նախատեսում է Հայաստանում ընդհանուր 400 հազարի դոլարի 6 ծրագիր իրականացնել: Ծրագրերից մեկի շրջանակներում Արարատի մարզի Ղուկասավան գյուղում ՏՏ կենտրոն կստեղծվի, մեկ այլ ծրագրով մի շարք ծառայություններով կապահովվեն Ամասիա համայնքի (Շիրակի մարզ) տարեցները, իսկ Լոռու մարզի 4 մանկապարտեզում երեխաների համար մանկական խաղահրապարակներ կկառուցվեն:











