Տղամարդկանց անպտղությունը բուժելու համար գիտնականները առաջարկում են մարդու մաշկից վերցնել ցողունային բջիջները եւ վերածել դրանք սերմնահեղուկի։
Այս մոտեցումը ազոոսպերմիայի (կենսունակ սպերմատոզոիդներ արտադրելու գենետիկ անկարողություն) բուժման համար դեռ ուսումնասիրության նախնական փուլում է, հայտարարել են հետազոտության հեղինակները։ Իսկ կենդանիների վրա արված հաջող փորձերը միշտ չէ, որ հիմք են տալիս ենթադրելու, որ դրանք հաջող կլինեն նաեւ մարդկանց համար, տեղեկացնում է Newsmax Health։
Այնուամենայնիվ, հետազոտողների խումբը հայտարարել է, որ երբ ազոոսպերմիայով տառապող երեք հիվանդներից վերցված ցողունային բջիջները տեղադրվել են առողջ մկների վերարտադրողական համակարգի մեջ, բջիջները սկսել են վերածվել նախնական բջիջների, որոնք հետո դառնում են առողջ սերմնահեղուկ։
«Մենք կարողացանք անպտուղ տղամարդկանց մաշկից վերցնել ցողունային բջիջներ (որոնցից կարելի է ստանալ օրգանիզմի ցանկացած տեսակի բջիջ) եւ անմիջապես տեղադրել դրանք մկների սերմնածորանի մեջ, որտեղ էլ արտադրվում է սերմնահեղուկը։ Եւ մենք հայտնաբերել ենք, որ այդ բջիջները արդյունավետ կերպով արտադրում են չհասունացած սպերմատոզոիդներ», - ասել է ուսումնասիրության ավագ հեղինակ, Մոնտանայի համալսարանի նյարդակենսաբան Ռենե Ռեյջո Փերան։






