Հայաստանում տուբերկուլյոզի դեպքերի 72 տոկոսը ախտորոշվում է «պատահաբար» ՝ հիվանդը դիմում է բժշկի, զգալով թուլություն, իսկ թերապևտը, նրա մոտ տուբերկուլյոզ կասկածելով, նրան ուղարկում է այսպես կոչված տուբ- կաբինետ։ Միայն դեպքերի 28 տոկոսում է հիվանդների մոտ տուբերկուլյոզը հայտնաբերվում կանխարգելման հետազոտությունների ընթացքում ։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի մասին լրագրողներին հայտնել է Ալվինա Ալագուլյանը «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ից։

Կազմակերպությունը հետազոտությունն անցկացրել է Երևանում ու Հայաստանի 4 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում ու Սյունիքում։ Հետազոտության նպատակն է պարզել, թե որքանով է տուբերկուլյոզով հիվանդներին տրամադրված բուժումն արդյունավետ, որքանով է այն համապատասխանում հիվանդների կարիքներին ու ինչ խնդիրների են բախվում այդ հիվանդները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ դեպքերի մոտ 18 տոկոսում երիտասարդների մոտ տուբերկուլյոզը հայտնաբերվում է զինծառայությունից առաջ պարտադիր բուժհետազոտությունների ժամանակ։ Էլ ավելի  հազվադեպ՝ արտերկրի վիզա ստանալու համար կանխարգելիչ ֆլյուրոգրաֆիա անցնելիս։ Իսկ դեպքերի ճնշող մեծամասնությունը հայտնաբերվում է արդեն այն ժամանակ, երբ հիվանդությունը դրսևորում է իրեն ու վատացնում հիվանդի ինքնազգացողությունը։ Ըստ հետազոտության, հիմնական ախտանշանները, որոնք հիվանդներին ստիպում են դիմել բժշկի, քաշի նվազումն է, ջերմաստիճանի բարձրացումը, ընդհանուր թուլությունը։ Դեպքերի 50 տոկոսում տուբերկուլյոզով հիվանդները, որոնք նման ախտանշաններով դիմում են բժշկի, բավականին արագ ճիշտ ախտորոշում են ստացել։  Նման ախտորոշումով հիվանդների  48․7 տոկոսը հոսպիտալացվել է։

Հետազոտությունը բացահայտել է նաև ամբուլատոր և ստացիոնար բուժումների դրական ու բացասական կողմերը։ Ամբուլատոր բուժումից հիվանդները, որպես կանոն, չեն դժգոհել, ինչ վերաբերում է ստացիոնարին, շատերը նշել են, որ ստացիոնարում չեն եղել պայմաններ հանգիստը կազմակերպելու, անգամ լողանալու համար։ Շատերին մտահոգել է նաև այն, որ առողջ ու հիվանդ մարդիկ ստացիոնարում նույն շենքում էին գտնվում։ Ինչ վերաբերում է ստացիոնար բուժման դրական կողմերին, հարցման մասնակիցներից շատերը նշել են բուժանձնակազմի դրական վերաբերմունքը, մասնագետների շուրջօրյա հսկողությունը, այլ հիվանդների հետ շփվելու հնարավորությունը ։ Շատ հիվանդներ առանձին նշել են նաև հիվանդանոցի մոտ այգու առկայությունը, որտեղ կարելի էր զբոսնել։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հիվանդների մեծ մասը շատ հետևողական է եղել բուժման հարցում։ Հիվանդների 19․6 տոկոսն է խոստովանել է, որ երբեմն չի ընդունել նշանակված դեղամիջոցների ընդունումը։