Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մանկական հատուկ սաղավարտները չեն բարելավում երեխաների գանգի ձեւը, հրապարակել է British Medical Journal-ը:

Մանկաբույժները խորհուրդ են տալիս նորածիններին քնացնելիս նրանց պառկեցնել մեջքի վրա՝ հանկարծակի մանկական մահվան համախտանիշից խուսափելու համար: Այնուամենայնիվ, նման կեցվածքը ունի նաեւ կողմնակի ազդեցություն՝ հարթացումներ գանգի շրջանում, որը հանդիպում է մինչեւ վեց ամսական երեխաների հինգից մեկի մոտ: Նման դեպքերում սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ սաղավարտներ, բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սաղավարտները գրեթե ոչնչով չեն օգնում:

Նիդեռլանդացի հետազոտողները առաջարկել են դեֆորմացված գանգ ունեցող 42 երեխայի կրել հատուկ սաղավարտ վեց ամիս օրական 23 ժամ: Նույն խնդիրն ունեցող 42 երեխաներից կազմված մեկ այլ խումբ ընտրվել է որպես ստուգիչ խումբ: Երկու տարի անց հետազոտողները չափել են նորածինների գանգերը եւ ոչ մի էական տարբերություն չեն գտել երկու խմբերի միջեւ:

«Արդյունքները ինձ շատ զարմացրեցին», - ասել է Բոսթոնի մանկական հիվանդանոցի նյարդավիրաբույժ Մարկ Ռ. Պրոկտորը New York Times-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ ուսումնասիրությունը եղել է շատ «խիստ»:

Սաղավարտ արտադրողները համոզված չեն ուսումնասիրության արդյունքների ճշմարտացիության մեջ՝ նշելով, որ երեխայի գլխի սաղավարտը չպետք է շարշվեր կամ պտտվեր, ինչը, ըստ ծնողների, բազմիցս պատահել է:

Երեխաների գանգի ձեւի փոփոխություններից խուսափելու համար, որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս փոխել երեխայի գլխի դիրքը քնած ժամանակ, ինչպես նաեւ որոշակի ժամանակ սահմանել երեխային մեքենաներում նստեցնելու համար, կամ դրա փոխարեն երեխային տեղափոխել մանկասայլակով: Երեխաների պարանոցի մկանային լարվածությանը կարող է օգնել նաեւ ֆիզիոթերապիային: