Չի եղել որեւէ բուժհաստատություն, որը մարտի 1-ին չունենար տպված նոր դեղատոմսային ձեւաթղթեր։ Այս մասին ԱԺ առողջապահական ու սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի միստի ժամանակ մարտի 16-ին հայտնել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
Նիստի սկզբում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է փոխնախարարին՝ խնդրելով մեկնաբանել արդյոք կայունացել է դեղատոմսերի հետ կապված իրավիճակը ու արդյոք դեռ մնացել են հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Նա նաեւ խնդրել է բացատրել կառավարության՝ 2018-ի մարտի 6-ի որոշման էությունը։
Առողջապահության փոխնախարարը նշել է, որ Հայաստանի հասարակության շրջանում ձեւավորվել է տեսակետ, որ նախարարությունը պատրաստ չի եղել դեղատոմսերով դեղերի դուրսգրման նոր կարգի ներդրմանը։ Բայց, նրա խոսքով, իրականացվել էր մեծ աշխատանք, անցկացվել են հանդիպումներ պոլիկլինիկաների բժիշկների, ադմինիստրացիաների հետ, բոլոր մարզերում, դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Մենք հասկանում ենք, որ առաջացել է որոշակի լարվածություն, հավանաբար մեր մեղավորությունն այն է, որ մենք չենք ներկայացրել ավելի թիրախային, բնակչության համար ավելի հասանելի տեղեկատվություն»,- ասել է Սերգեյ Խաչատրյանը։
Նա հավելել է, որ «Դեղատոմսերի ձեւաթղթերի, դեղատոմսեր գրելու ու դրանցով դեղեր դուրսգրելու, նաեւ դեղերի ու դեղանյութերի հաշվառման կարգի մասին» կառավարության 2017-ի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման մեջ վերջին փոփոխությունները կատարվել են առողջապահության նախարարության կողմից իրականացված հետազոտոթյունների հիման վրա, որոնք դեռ 2017-ի նոյեմբերին էին սկսվել։
Նրա խոսքով, այդ հետազոտությունները ցույց են տվել, որ միանգամից ամբողջ դեղատոմսային ցանկի համար դեղերը դեղատոմսերով դուրսգրելու կանոնի ներդրումը կհանգեցնի հիվանդների հոսքի ավելացմանը։ Դրա համար էլ որոշում է կայացվել նախ սկսել դեղատոմսերի դուրսգրումը հակաբիոտիկների՝ առավել խնդրահարույց դեղամիջոցների համար, որոնցով ինքնաբուժումը առաջացնում է բակտերիաների կայունություն, ինչն արդեն ամբողջ աշխարհում առողջապահական գլոբալ խնդիր է դարձել։ Հակաբիոտիկները դեղատոմսերով են դուրսգրվում մարտի 1-ից, հավելել է Սերգեյ Խաչատրյանը։
Իսկ երկրորդ փուլը, նրա խոսքով, կսկսվի հուլիսի 1-ից, ու այդ ժամանակ կսկսեն դեղատոմսերով դուրսգրել բոլոր լուծույթները, այդ թվում ներարկային դեղերը։ Փոխնախարարը պարզաբանել է, որ բոլոր ներարկային դեղամիջոցները ներառվում են դեղատոմսային ցանկում, քանի որ ներարկման ընթացքում դեղանյութը մեծ քանակությամբ ներթափանցում է հիվանդի արյան մեջ, ինչը կարող է առաջացնել իմունային ու ալերգիկ արձագանքներ։ Դրա համար էլ ներարկային դեղամիջոցներով բուժումը պետք է վերահսկվի բժիշկների կողմից։
Երորրդ փուլը, հիշեցրեց նա, սկսվում է հոկտեմբերի 1-ից, եր դեղատոմսերով են դուրսգրվելու բոլոր դեղամիջոցները, որոնք ներառված են դեղատոմսային ցանկում։
Փոխնախարարը հիշեցրեց, որ դեղերը դեղատոմսային կամ ոչ դեղատոմսային ցանկում ներառելու մասին որոշումը կայացնում է արտադրողը՝ տվյալ դեղի վտանգավորության աստիճանի ու դրա կողմնակի ազդեցության մասին տվյալների հիման վրա։ Հայաստանում դեղերը բաշխվում են ըստ ցուցակների դրանց գրանցման պահին։
Նա նշեց, որ Հայաստանում գրանցված 4700 դեղից 1100-ը առանց դեղատոմս դուրսգրվող դեղեր են, ու այդ ցանկում են ջերմիջեցնող ու ցավազրկող, լուծի ու փորկապության դեմ դեղամիջոցները եւ այլն, այսինքն դեղեր այն բոլոր իրավիճակների համար, երբ մարդուն պետք է խնդրի շտապ, թեկուզ եւ ժամանակավոր լուծում։ «Թույլ գլխացավի դեպքում մարդը կարող է դեղ գնել։ Բայց միաժամանակ մենք զգուշացնում ենք, որ ուժեղ գլխացավը կարող է լուրջ հիվանդությունների նշան լինել ու պետք է դիմել բժշկի»,- ասել է նա։
Սերգեյ Խաչատրյանը հավելել է, որ տարիների ընթացքում մարդկանց մոտ ձեւավորվել են վարքագծային «վատ» կանոններ, մարդիկ սովորել են, որ դեղատոմսային դեղամիջոցները կարելի է հեշտությամբ գնել դեղատնից, խորհուրդ հարցնելով դեղագործից, որը իրավասու չէ բուժում նշանակել։ «Մեր երկրում վերջին տարիներին բուժում նշանակելու պրոցեսը վերածվել է դեղատներում դեղերի վաճառքի պրոցեսի։ Ու դա հանգեցնում է ինքնաբուժման հետեւանքով առողջության վատացմանն ու դառնում բեռ թե քաղաքացու, թե պետության համար»,- ասել է նա։






