Դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի ընդունումը չունի որեւէ ազդեցություն բժշկական օգնության եւ սպասարկման գործող կարգերի վրա, այդ թվում նաեւ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով` ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին առողջական վիճակի վատթարացման, շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունենալու դեպքում քաղաքացին կարող է դիմել հանրապետությունում շուրջօրյա ռեժիմով աշխատող շտապ բժշկական օգնության ծառայություն: Կանչի ընթացքում շտապօգնության բրիգադը պացիենտին կցուցաբերի անվճար անհրաժեշտ շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն: Բժշկական ցուցումների դեպքում կկազմակերպի տեղափոխումը հիվանդանոց` հիվանդի պատշաճ բուժումը կազմակերպելու համար:
Շտապ օգնության ծառայության բժիշկը բուժում նշանակելու եւ դեղատոմս դուրս գրելու իրավասություն երբեւէ չի ունեցել եւ չունի նաեւ հիմա:
Միաժամանակ, քաղաքացին կարող է դիմել հիվանդանոց, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, որի հիման վրա բժիշկը կարող է նշանակել բուժում (ներառյալ` դեղատոմսի դուրս գրումը):
Նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի 19-րդ կետում սահմանված է, որ «գրված դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, միանվագ դեղաչափը, ընդունման հաճախականությունը, ձևը) նշվում է պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերում՝ ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Միաժամանակ, ԱՆ–ն կրկին ներկայացնում է, թե ում կողմից և ինչպես են լրացվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը։
- Թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 1
Նշանակվում և լրացվում է բուժող բժշկի կողմից` անկախ մասնագիտությունից:
Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
- Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 2
Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
- Մեկանգամյա օգտագործման դեղատոմս N 3
Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Մեկանգամյա օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում:
- Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեղատոմս N 4
Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Բազմակի օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում:
Բժշկի կողմից N 3 և N 4 դեղատոմսերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեպքում դրանք հաստատվում են բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
Հավելենք, որ բոլոր դեղատոմսերը բուժող բժիշկներին տրամադրվում է բժշկական կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից, բացառությամբ դեղատոմս N 1-ի:






