«Էրգոթերապիա մասնագիտության զարգացումը Հայաստանում եւ Վրաստանում. 10 տարի անց» խորագրով էրգոթերապիայի երկրորդ համակովկասյան գիտաժողովը մեկնարկեց մայիսի 5-ին՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։

Էրգոթերապիան Հայաստանում մոտ 10 տարվա պատմություն ունի, սակայն, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային ժողովի առողջության, մայրության ու մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, այն շատ կարեւոր մասնագիտություն է, քանի որ օգնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց ինտեգրվել հասարակության մեջ, աշխատանք գտնել եւ լիարժեք կյանքով ապրել։

«Սա մասնագիտություն է, որը տալիս է հնարավորություն, որպեսզի մարդիկ, ովքեր ունեն այս կամ այն ֆունկցիաների եւ կարողությունների կորուստ, կարողանան այդ կորուստը ունենալով հարդերձ ստանալ այնպիսի հմտություններ, որոնք կտան հնարավորություն հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու», - ասաց նա։

Ինչպես պատմեցին գիտաժողովի մասնակիցները, այս տարվա գիտաժողովի նպատակն է քննարկել էրգոթերապիայի որպես մասնագիտության կայացումը կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում եւ Վրաստանում, ինչպես նաեւ ներկայացնել այս տարիների ձեռքբերումները եւ առաջացած խնդիրները։

Հոլանդիայի Էրգոթերապիստների ասոցիացիայի պատվավոր անդամ, Էրգոթերապիստների Համաշխարհային Ֆեդերացիայի համագործակից, Էրգոթերապիայի Թյունինգ նախագծի ղեկավար Հաննեկե վան Բրյուգգենը ասաց NEWS.am Medicine-ի թղթակցին, որ այս գիտաժողովը կնպաստի էրգոթերապիայի զարգացմանը Հայաստանում եւ հնարավորություն կտա Կովկասում ավելի մեծ ուշադրություն գրավել դեպի հաշմանդամություն ունեցող մարդկանց։

«Այս գիտաժողովը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ մենք կամփոփենք մեր աշխատանքը եւ կտեսնենք, թե ինչի ենք հասել», - ասաց NEWS.am Medicine-ի թղթակցին Վրաստանից ժամանած էրգոթերապիստ Քեթեւան Թչոնիաշվիլին։

Ի՞նչ նվաճումներ կան Հայաստանում էրգոթերապիայի ոլորտում։ Մանկավարժական համալսարանում էրգոթերապիայի դասախոս Զարուհի Հարությունյանը NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց, որ նվաճում կարելի է համարել այն, որ 10 տարվա ընթացքում Հայաստանում 64 որակավորված էրգոթերապիստ է պատրաստվել, որոնցից երկուսը վերապատրաստվել են Եվրոպայում։ Մոտ 15 էրգոթերապիստ Հայաստանում այսօր աշխատում է մասնագիտությամբ։

Իսկ ինչ վերաբերվում է դժվարություններին եւ խնդիրներին, հիմնական դժվարությունները, Արա Բաբլոյանի կարծիքով, «կապված են հասարակության մտայնության հետ, քանի որ այդ ծառայությունները այդքան էլ ծանոթ չեն մեր հասարակությանը»։ Շատ լուրջ խնդիր է նաեւ այն, որ շատերը՝ որակավորված էրգոթերապիստ լինելով հանդերձ, այսօր դժվարանում են Հայաստանում աշխատանք գտնել։

Գիտաժողովը շարունակվելու է մինչեւ մայիսի 7-ը։