ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մարտի 22-ին այցելել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գրասենյակ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին:

Ընկերության տնօրեն՝ Ավետ Մանուկյանը նախարարին ներկայացրել է այս փուլում իրականացվող աշխատանքներն ու դրանց առնչվող տեխնիկական եւ բովանդակային առանձնահատկությունները, ցույց տվել armed.am էլեկտրոնային հարթակի վերջին թարմացումները:

էլեկտրոնային առողջապահական համակարգի արդյունավետ եւ հստակ աշխատանքն ապահովելու գործում Լեւոն Ալթունյանը հատկապես կարեւորել է բուժաշխատողների վերապատրաստման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի բուժաշխատողներին դասավանդող բժիշկների ընտրության գործընթացը համաձայնեցվի նախարարության եւ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ:

Քննարկելով ուսուցանման ժամանակացույցը՝ կողմերը նշել են, որ մինչեւ տարեվերջ համակարգը կունենա շուրջ 20 հազար ուսուցանված մասնագետ` բժիշկներ, բուժքույրեր եւ դեղատան աշխատողներ։

Լեւոն Ալթունյանը նաեւ անձամբ ծանոթացել է, թե օպերատոր-խորհդրատուներն ինչպես են պատասխանում Էկելտորնային առողջապահության համակարգում ներառված բուժհաստատությունների ներկայացուցիչների՝ համակարգի գործարկամանն առնչվող հարցերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Համակարգի օգտատերերին հուզող մի շարք հարցեր: Նախարարը կոչ է արել առանձնակի ուշադրություն դարձնել համակարգի անդամավճարներին եւ դրանց գնագոյացման վերաբերյալ տեղեկությունների մատչելիությանն ու թափանցիկությանը՝ առավել հանգամանալիորեն ներկայացնելով այն տեխնիկական եւ խորհրդատվական ծառայությունները, որ ստանալու են ոլորտի ներկայացուցիչները դրա դիմաց:

Քննարկվել է նաեւ կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի եւ ընթացակարգերի թվայնացման ժամանակացույցը, ըստ որի՝ դեռեւս 2017 թ.-ին միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված եւ հաստատված 300 փաստաթղթերի թվայնացումը կավարտվի արդեն ընթացիկ տարվա ամռանը: