Հայաստանում էրգոթերապիայի լավ մասնագետներ կան, սակայն նրանք դժվարանում են աշխատանք գտնել։ Այս կարծիքը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հոլանդիայի Էրգոթերապիստների ասոցիացիայի պատվավոր անդամ, Էրգոթերապիստների Համաշխարհային Ֆեդերացիայի համագործակից, Էրգոթերապիայի Թյունինգ նախագծի ղեկավար Հաննեկե վան Բրյուգգենը։
Նա նաեւ ավելացրեց, որ Եվրոպական երկրներում էրգոթերապիստները շատ հեշտ են աշխատանք գտնում, քանի որ նման մասնագետների մեծ պահանջարկ կա։ Հարեւան Վրաստանում էրգոթերապիստների պահանջարկը նույնպես մեծ է, բացի այդ, ավելի բարձր է նաեւ հասարակության տեղեկացվածությունը այս ոլորտում։
«Վրաստանում էրգոթերապիստների մեծ պահանջարկ կա, բայց մասնագետները քիչ են։ Հայաստանում հակառակն է՝ կան շրջանավարտներ, բայց չկան աշխատատեղեր», - ասաց Հաննեկե վան Բրյուգգենը։
Էրգոթերապիան բժշկության մի ճյուղ է, որն օգնում է վերականգնել է ֆիզիկական և մտավոր անկարողություններով անձանց նպատակային գործունեությունը եւ աշխատանքային կարողությունը: Էրգոթերապիստները կարող են աշխատել հիվանդանոցներում, հոգեբուժարաններում, դպրոցներում, հասարակական կազմակերպություններում եւ մի շարք այլ վայրերում՝ օգնելով մարդկանց ինտեգրվել հասարակության հետ։
ՀՀ ազգային ժողովի առողջության, մայրության ու մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում իրականում կա էրգոթերապիստների պահանջարկ, քանի որ գրանցված հաշմանդամների թիվը տասնյակ հազարից ավել է, եւ այդ հաշմանդամների մեծ մասն ունի նման մասնագետների օգնության կարիք։
«Ոչ միայն հաշմանդամները ունեն նման ծառայությունների կարիք, այլեւ, օրինակ, ընտանիքից զրկված երեխաները, աղքատ ընտանիքների անդամները եւ այլն», - ասաց Արա Բաբլոյանը։
Էրգոթերապիստ Զարուհի Հարությունյանը էրգոթերապիա է դասավանդում Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում եւ աշխատում է Խարբերդի մասնագիտացված մանկատանը՝ որպես էրգոթերապիստ։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Հայաստանում այսօր 64 էրգոթերապիստ կա, եւ նրանցից միայն 15-ն են մասնագիտությամբ աշխատում։ Նրա կարծիքով, էրգոթերապիստները դժվարությամբ են աշխատանք գտնում, որովհետեւ այս մասնագիտությունը դեռ համեմատաբար նոր է Հայաստանում, եւ կա հասարակության իրազեկվածության խնդիր։
Տաթեւ Սերոբյանը ապագա էրգոթերապիստ է։ Այժմ նա սովորում է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսում եւ հույս ունի ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնել։
«Մենք կարող ենք աշխատել ամենատարբեր ոլորտներում՝ մանկապարտեզից մինչեւ ծերանոցներ, հոգեբուժարաններ։ Խնդիրը այն է, որ գործատուն հասկանա այս մասնագիտության կարեւորությունը եւ կարողանա հաստիք տրամադրել։ Շատերը դեռ չեն գիտակցում, որ էրգոթերապիստը անհրաժեշտ է իրենց», - ասաց նա NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում։
Հաննեկե վան Բրյուգգենը իր հերթին ավելացրեց, որ էրգոթերապիստներից շատերը աշխատանք են գտնում կրթության ոլորտում, բայց էրգոթերապիան իրականում շատ ավելի լայն է, եւ մասնագետները կարող են աշխատել, օրինակ, տարեցների կամ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հետ, օգնելով նրանց անել այն, ինչ նրանց անհրաժեշտ է՝ ստանալ կրթություն, գտնել աշխատանք եւ անկախ ապրել։






