Դերասան Գնել Սարգսյանը մանուկ տարիքից վախենում է ներարկիչներից ու ներարկումներից: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց, որ գիտակից կյանքում ոչ մի անգամ արյուն չի հանձնել՝ նույնիս կանալիզների համար: Բայց այսօր՝ մարտի 24-ին, որոշել է հաղթահարել վախը եւ դոնորական արյուն հանձնել «Աստղիկ» բժշկական կենտրոնի կազմակերպած ակցիայի շրջանակում:

«Սարսափելի վախենում եմ ներարկիչներից, ամբողջ կյանքում վախեցել եմ: Բայց ակցիայի նպատակն ինձ ստիպեց գալ այստեղ՝ մարդկանց օգնելու համար»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ հաճելի է մտածել, որ իր արյունը կարող է օգնել ինչ-որ մեկին՝ մեծահասակ հիվանդի, երեխայի, վիրավոր զինվորի:

Դերասան Ռաֆայել Երանոսյանը նույնպես խոստովանեց, որ միշտ վախեցել է ոչ միայն ասեղից ու ներարկիչից, այլ նույնիսկ արյան տեսքից: Երբ լսել է, որ «Աստղիկ» ԲԿ-ում բարեգործական ակցիա է,  անմիջապես համաձայնել է մասնակցել:

«Երբ տեսա,թե ինչպիսի հանգստությամբ ու ժպիտով են մեր քաջ աղջիկներն արյուն հանձնում, հասկացա, որ ինձ համար պատվի խնդիր է արյուն հանձնելը»,- նշեց Ռաֆայել Երանոսյանը:

«Աստղիկ» ԲԿ-ի արյան բանկի ղեկավար Հասմիկ Կարապետյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ արյան բանկը գործում է անցած ամռանից, բայց կես տարվա ընթացքում հասցրել են դոնորական արյան լուրջ պաշար հավաքել: Այն օգտագործում են ոչ միայն այս բուժկենտրոնում, այլեւ տրամադրում են դրա կարիքն ունեցողներին:

Հասմիկ Կարապետյանը հիշեցրեց, որ ճգնաժամային իրավիճակներում, օրինակ՝ երկրաշարժի ժամանակ, բազմաթիվ հայեր մեծ պատրաստակամությամբ դոնորական արյուն են հանձնում: Նրա խոսքով՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ այնքան դոնորական արյուն էր հավաքվել, որ այլ երկրներից բերվածի կարիքը չեղավ:

«Բայց, գլոբալ ճգնաժամերից բացի, ամեն օր առանձին ընտանիքներում փոքրիկ ճգնաժամեր են լինում, երբ վիրահատության ու դոնորական արյան կարիք է առաջանում: Այդ պատճառով, ցանկալի է դոնորության մասին հիշել ո՛չ միայն գլոբալ ճգնաժամերի ժամանակ: Ձեր արյունը կարող է ճգնաժամից դուրս բերել մեկ մարդու, մեկ ընտանիքի»,- նշեց մասնագետը:

Քանի որ «Աստղիկ» ԲԿ-ում վիրաբուժական, կարդիովիրաբուժական խոշոր բաժանմունքներ, վերակենդանացման բաժանմունք եւ ծննդատուն կա, մեծ քանակությամբ դոնորական արյան կարիք է լինում ամեն օր:  

Մասնագետի խոսքով՝ կես տարվա ընթացքում արյան բանկն արդեն ավելի քան 1500 դոնոր է ունեցել: Նրանց մի մասը կանոնավորապես արյուն է հանձնում, ընդ որում շատերը՝ անհատույց:

Արյան դոնորներ կարող են դառնալ ընդհանուր առմամբ առողջ, ինֆեկցիոն հիվանդություններ, օրինակ՝ հեպատիտներ կամ ՄԻԱՎ վարակ չունեցող մարդիկ: Ըստ բժշկի՝ դիաբետը, սիրտ-անոթային եւ շատ այլ հիվանդություններ նույնպես հակացուցումներ են, այդ պատճառով դոնոր դառնալու ցանկություն ունեցողը նախապես համալիր հետազոտություններ է անցնում:

Նախապատրաստական պրոցեսի հետ միասին արյուն հանձնելը շուրջ 15 րոպե է տեւում: Եվ այդ ամբողջ գործընթացում, դերասան Արման Սիմոնյանի հավաստմամբ, սարսափելի ոչինչ չկա: Վստահեցնում է, որ ներարկիչը երակի մեջ մտցնելիս ոչ մի ցավ չզգաց:

«Այստեղի աղջիկները, ինչպես ասում են, «թեթեւ ձեռք» ունեն»,- ժպտում է դերասանը:

Նա նշեց, որ առաջին անգամ է դոնորական արյուն հանձնում, բայց եթե առողջությունը ների, ավելի հաճախ դա կանի:

Դերասան Հայկ Գասպարովը նույնպես այսօր առաջին անգամ էր արյուն հանձնում:

«Եթե կարող ես օգնել ինչ-որ մեկին, եթե կարող ես օգտակար լինել, անպայման պետք է անես»,- ասաց դերասանը:

Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող Հերմինե Զարգարյանն արդեն երրորդ անգամ է դոնորական արյուն հանձնում:

«Որպես ապագա բժիշկ՝լավ գիտեմ, թե որքան կարեւոր է դոնորական արյունը: Բացի այդ՝ գիտեմ, որ հազվադեպ՝ 2-րդ բացասական խմբի արյուն ունեմ, այդ պատճառով փորձում եմ կանոնավորապես արյուն հանձնել»,- խոստովանեց ուսանողուհին:

[gallery id=111]