Մարտի 25-ին ժամը 18:00-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ակցիա է տեղի ունեցել՝ նվիրված տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրվան, որը նշվել էր մեկ օր առաջ: Այս տարի «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը միավորվել է միջազգային սոցիալ-հասարակական Stop TB Partnership կազմակերպության հետ:

«Այսօր մենք առաջնորդների ենք որոնում, որպեսզի միավորվենք տուբերկուլյոզի դեմ պայքարում: Անչափ կարեւոր է, որ մարդիկ հիվանդության մասին հնարավորինս շատ բան իմանան: Մարդիկ հաճախ վախենում են, որ իրենց հանդեպ սոցիումի վերաբերմունքը կփոխվի, եթե իրենց հիվանդության մասին բարձրաձայնեն, ինչ-որ մեկը կտեսնի, որ նրանք ամեն օր դեղեր են ստանում, ինչը բերում է նրան, որ նրանք բուժումը կեսից ընդհատում են: Մենք նրանց բացատրում ենք, թե երբ եւ ինչ իրավիճակներում նրանք վարակիչ չեն, նույնիսկ բուժման ընթացքում: Մենք արմատախիլ ենք անում այդ վախը, եւ շատերը հանդիստ բուժումը շարունակում են մինչեւ վերջ»,- նշեց  «Դրական մարդկանց հայկական ցանցի» նախագահ Անահիտ Հարությունյանը:

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ այս ակցիայի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի եւ Ազգային պատկերասրահի շենքը լուսավորվել էր կարմիր լույսով: Անցորդներին նաեւ տուբերկուլյոզի թեմայով իրազեկող գրքույկներ եւ լիֆլետներ էին բաժանում:

Կազմակերպության մասնակիցները ակցիայի ընթացքում անցորդներին պատմում էին ախտանիշների, անվճար հետազոտության հնարավորությունների եւ այլնի մասին:

Այցելուները նաեւ վահանակի վրա փազլ են հավաքել՝ ըստ միջոցառման թեմայի:

Անցյալ տարի այս ակցիայի շրջանակում լուսավորված էին Օպերայի եւ բալետի թատրոնի շենքը, ինչպես նաեւ Մայր Հայաստան արձանը:

/>