Հասարակությունը շատ արագ է արձագանքում որոշման մեջ առկա բացթողումներին. արդեն իսկ տեղեկություն կա, որ մարդիկ դեղատոմսով դեղեր են գնում, ապա՝ վաճառում դրանք: Այս մասին մարտի 26-ին դեղատոմսերով դեղերի վաճառքի նոր կարգի ներդրման շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին:
Նկատելով, որ «արգելված պտուղը քաղցր է»՝ Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ հնարավոր է, նախարարությունը լավ մտադրություններ ունի, սակայն ընտրվել է «ամենավատ ձեւը»: Նրա խոսքով՝ դեղատոմսով դեղերի վաճառքի մասին որոշումը բնակչությանն այնպիսի սթրեսի է ենթարկել, որ մարդիկ դեղորայք են գնել մեկ-երկու տարվա համար: Սերգեյ Բագրատյանի գնահատմամբ՝ արգելքը ստվերային հնարավորություններ է ստեղծել, եւ արդեն իսկ տեղեկություն կա, որ հիվանդները ստացել են դեղերը եւ վաճառքի են հանել դրանք սեւ շուկայում:
«Արդյո՞ք այդ որոշումը թաքցված նպատակներ ուներ, որպեսզի վաճառվեն այն դեղերը, որոնց ժամկնետը սպառվում էր», - հարցրեց նա փոխնախարարին: Պատգամավորը հավելեց, որ մեր նպատակը առողջապահությունը մարդկանց համար ավելի մատչելի դարձնելն է, իսկ առողջապահության նախարարությունը հանգստյան օրերին մարդկանց հիվանդանոցներ է ուղարկում, ինչը շատերի համար դժվար եւ թանկ է: Այս խնդրի լուծման համար նա առաջարկեց մի շարք դեղատներում հանգստյան օրերին բժիշկներ նշանակել:
Ի պատասխան՝ Սերգեյ Խաչատրյանը վստահեցրեց, որ ժամկետանց դեղերից ազատվելու որեւէ մտադրություն չի եղել: Իսկ խոսելով այն մասին, որ ընտրվել է կարգի ներդրման ամենավատ ձեւը՝ փոխնախարարը նշեց, որ երկու տարի առաջ բոլորը՝ եւ՛ լրագրողները, եւ՛ պատգամավորները, քննադատում էին նախարարությանն այն բանի համար, որ դեղերն առանց դեղատոսմերի են տրամադրվում: «Մենք ունենք այդ բոլոր նյութերը եւ կհրապարակենք դրանք», - ասաց նա՝ հավելելով, որ դեղատոմսերով դեղերի վաճառքի նոր կարգը գնահատվում է որպես վատ կամ լավ, քանի որ այն ուղղակի ազդեցություն ունի մի շարք շահագրգիռ խմբերի վրա:






