Հրազդանի բուժհաստատությունների աշխատակիցների վերաբերմունքը էլեկտրոնային առողջապահության համակարգին իրարամերժ է: NEWS.am Medicine-ի հետ զրույցում Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլյա Մարտիրոսյանը հայտնեց, որ գաղափարը հրաշալի է եւ վաղուց կիրառվում է եվրոպական երկրներում: «Մեր բժշկական կենտրոնը ֆինանսավորման կարիք չունի եւ համակարգին միանալու խնդիր եւս: ԲԿ-ներն այդ խնդիրը չունեն, դա ավելի շատ մասնավոր կլինիկաներին է երեւի խանգարում»,- նշեց Լ. Մարտիրոսյանը:

Հրազդանի շրջակա գյուղերից Մեղրաձորի ամբուլատորիայի բուժքույր Անի Գեւորգյանը նշեց, որ միակ դժվարությունը թերեւս ամբուլատորիաներում համակարգչի եւ ինտերնետի բացակայությունն է, բայց կոնկրետ իրենք ապահովված են դրանցով:

Ըստ NEWS.am Medicine-ի շրջայցի՝ համակարգից ամենաշատը դժգոհողները թերեւս ոչ պետական բուժհաստատություններն են, հատկապես ստոմատոլոգիական կլինիկաները:

«Ես դեմ եմ ոչ այդքան համակարգին, որքան դրանում եղած դրույթներին, թերություններին: Նախ՝ մեր հիվանդները, հնարավոր է, չեն ցանկանում իրենց տվյալները մուտք գործել այդ համակարգ, այսինքն՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքն է ոտնահարվում: Հետո՝ սպասարկման վճարները: Համակարգին միանալու համար պետք է վճարել 7500-ից 20000 դրամ, կամ ամեն հիվանդի համար 30 դրամ սպասարկում: Թերությունները շատ-շատ են՝ մեր աշխատանքի գերծանրաբեռնվածություն է ենթադրվում: Մենք ստիպված ենք լինելու մեր ուժերով բարձր ինտերնետ ունենալ՝ դա մեկ ծախս, ամեն հիվանդի տվյալները լրացնելու համար մեզանից նվազագույնը 10 րոպե ժամանակ կպահանջվի, այդ ժամանակը գնում է իմ աշխատանքից, իսկ եթե ես մի աշխատող բերեմ, որ ինքն անի, պիտի վճարեմ: Ստիպված կլինենք ստոմատոլոգիական ծառայության գնաճ ունենալ, որն էլ հաճախորդի գրպանին է կպնելու»,- նշեց ստոմատոլոգ Կարինե Խաչատրյանը:

Մեկ այլ ստոմատոլոգի գնահատմամբ, համակարգը լավն է, բայց ունի բազում թերություններ: Եթե դրանք պետությունը շտկի, շատ լավ համակարգ կլինի։

«Եվրոպական բոլոր երկրներում ընդունված աշխատելաոճ է, բայց եթե մենք էլ ենք ուզում դառնալ ցիվիլ պետություն, պիտի համեմատության մեջ դնենք այդ երկրներում ատամնաբուժական ծառայությունների գումարները: Արդյոք մենք կարո՞ղ ենք սովորական պլոմբի համար նախատեսվող գումարից վճարել ե՛ւ սպասարկման վճար, ե՛ւ ինտերնետի վճար, ե՛ւ հավելյալ աշխատող պահել այդ աշխատանքների համար: Այս փուլում նախ պետությունը թող ամեն ինչ վերցնի իր վրա, ինքն ամենը վճարի, ինքն անի, փորձի, տեսնի՝ աշխատո՞ղ է, թե՞ ոչ, նոր հետո ԱԺ-ում քննարկվի ու ապա մեզ պարտադրվի: Միանշանակ այս ամենը գնաճ է ենթադրում: Հաճախորդն էլ այլեւս չի գա ատամ բուժելու, միանգամից կհեռացնի, որովհետեւ ավելի մատչելի է»,- նշեց ստոմատոլոգ Կորյուն Ալեքսանյանը:

Հրազդանի մի շարք դեղատների պատասխանատուներ ու աշխատակիցներ պարզապես հրաժարվեցին իրենց վերաբերմունքը հայտնել:

ՀՀ Կառավարության անցած տարվա օգոստոսի 24-ի որոշման համաձայն՝ ՀՀ բոլոր բուժհաստատությունները կանչերի, հիվանդներին սպասարկելու, բուժելու ժամանակ պարտադիր պետք է նրանց տվյալները եւ հիվանդության վերաբերյալ գրանցում իրականացնեն միասնական էլեկտրոնային համակարգում: Այս որոշման համաձայն՝ համակարգը պետք է ներդրված լիներ դեռեւս մարտի 6-ին։ Բազմաթիվ բողոքներից հետո մարտի 15-ին կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ապահովել համակարգի ներդրումը 15-օրյա ժամկետում։