Լոռու մարզի Գուգարք համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնն էլեկտրոնային առողջապահական armed.am ծրագրին միացել է 2017 թվականից: Էլեկտրոնային համակարգին անցումը հեշտությամբ չի տրվել: Սկզբնական շրջանում աշխատակազմը բախվել է բազմաթիվ խնդիրների՝ կապված ինչպես էլեկտրոնային համակարգով աշխատելու, այնպես էլ բնակիչներից անձնական փաստաթղթային տվյալների հավաքագրման հետ:

«Մեծ թվով մարդիկ սոցքարտերը չէին ներկայացնում, անձնագրային տվյալները մեզ չէին տալիս: Մենք փորձում էինք բացատրական աշխատանք կատարել որպեսզի համոզենք, որ դա ենթատեքստ չունի, ընդամենը գրանցման հարց է եւ առանց դրա հետագայում հնարավորություն չեն ունենա մեզ մոտ անվճար սպասարկվելու»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Արմինե Մանուչարյանը:

Բժշկուհու խոսքով՝ մինչեւ հիմա՝ ծրագրի գործարկումից մեկ տարի անց, կան բնակիչներ, որոնք չեն տրամադրել իրենց անձնական տվյալները՝ դրանք համակարգում մուտքագրելու համար:

Առողջապահական ոլորտում ներդրվող էլեկտրոնային համակարգը որակելով լավը՝ տնօրենը, այնուամենայնիվ, նշում է. բազմաթիվ բարդություններ կան, որոնք փորձում են շտկել: Ներդրված համակարգը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում կենտրոնի բուժանձնակազմի շրջանում:

Բնանակոն աշխատանքի կազմակերպման հարցում հաջորդ խնդիրը գյուղական բնակավայրում առաջանում է ցածր արագությամբ ինտերնետի պատճառով: Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոնն այժմ մեկ համակարգիչ ունի: Տնօրենն ասում է՝ առողջապահության նախարությունից խոստացել են համակարգիչներ հատկացնել: Եվ չնայած կենտրոնն ավելի քան մեկ տարի է՝ միացել է համակարգին, համակարգիչները դեռ չեն տրամադրվել:

Մինչ այդ՝ կենտրոնի տնօրենը տնտեսած միջոցներով մեկ համակարգիչ է գնել՝ առանց այն էլ սուղ բյուջեից ծախսելով ավելի քան 220.000 դրամ: