Շուրջ մեկ տարի է՝ էլեկտրոնային առողջապահության համակարգին (armed.am) միացել են Վանաձորի համաբուժարանները: Աշխատակիցների խոսքով՝ սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացրել. նրանք, ովքեր այս պահին համակարգիչներ ու համակարգով աշխատելու հնարավորություն չունեն, ստիպված են ամեն ինչ անել թղթային տարբերակով, հետո ստուգել արվածն ու ներկայացնել համաբուժարանի օպերատորներին՝ համակարգում մուտքագրելու համար:
«Սկզբնական շրջանում դժվարություններ առաջացան, որովհետեւ յուրաքանչյուր այցի, խորհրդատվության համար նշվում էին հատուկ կոդեր, որոնք պետք է 002 ձեւերի մեջ լրացվեին: Բժիշկները չէին տիրապետում էլեկտրոնային համակարգի աշխատանքին, հատուկ օպերատորներն էին դրանով զբաղվում: Եվ մենք ամեն թերթիկի վրա գրանցում էինք կոդերը, փոխանցում օպերատորներին, վերլուծությունը կատարվում էր, նոր մուտքագրվում էր ընդհանուր ցանց»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց թիվ 1 համաբուժարանի փոխտնօրեն Գոհար Դանիելյանը:
Չնայած համաբուժարանը մեկ տարի է՝ միացել է ծրագրին, այստեղ շարունակում են աշխատել նույն մեխանիզմով, ինչի հետեւանքով, աշխատանքի ծանրաբեռնվածությանը զուգահեռ, պարբերաբար հերթեր են գոյանում, ինչն էլ բնակիչների մոտ դժգոհություն է առաջացնում:
«Թղթաբանությունը շատացել է, հերթեր են գոյանում: Որոշակի դժգոհություն է լինում հիվանդների կողմից, որովհետեւ մեր աշխատանքը կրկնակի է դարձել»,- ասում է փոխտնօրենը:
Էլեկտրոնային համակարգով բնականոն աշխատանքի անցնելու համար համաբուժարանում նշում են անհրաժեշտ երկու պայման՝ համակարգիչների ու բուժանձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը: Աշխատակիցների գերակշիռ մասը դեռ ծանոթ չէ եւ չի կարող աշխատել այդ համակարգով: Այստեղ, սակայն, պատրաստակամորեն սպասում են խոստացված համակարգիչներին ու ծրագիրն ուսուցանողներին:
«Այդ համակարգը ժամանակի ընթացքում բավական հեշտացնելու է մեր աշխատանքը, բայց սկզբնական շրջանում դժվար է լինելու ե՛ւ մեզ, ե՛ւ հիվանդների համար»,- կարծում է համաբուժարանի ռեւմատոլոգ-թերապեւտ Տաթեւիկ Սահակյանը:
Համաբուժարանում աշխատակիցների գերակշիռ մասն ավագ սերնդի ներկայացուցիչներ են: Փոխտնօրենը վստահեցնում է. նորը սովորելու, նոր համակարգով աշխատելու պատրաստակամություն են հայտնում նաեւ նրանք:
«Էնպես չի, որ ավագ սերունդը համակարգչից գաղափար չունի, չի կարողանում, բայց դա ծրագիր է, որից օգտվելու համար պետք է կրթել: Մեզ խոստացել են, որ պիտի գան, ուսուցանեն, որ կարողանանք աշխատել: Դրա համար ժամանակ է պետք, հետո էլ պիտի ինչ-որ ժամանակ հատկացվի, որ աշխատենք, հմտանանք»,- ասում է տասնամյակների աշխատանքային փորձ ունեցող թերապեւտ Ռուզաննա Հախինյանը:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ մեկ տարի գործող ծրագրին աշխատակիցների գերակշիռ մասը դեռ չի տիրապետում, Ռուզաննա Հախինյանն արձագանքում է. «Ասում եք՝ մի տարվա ծրագիր է, բայց էս մի տարվա ընթացքում քանի անգամ ծրագիրը փոխվեց: Հիմա նորից կոդերը փոխվել են: Էնպես չի, որ մեկ տարվա ընթացքում հստակ ծրագիրը կա: Ոչ մի բան հստակ չի»:






