Մեծ Բրիտանիայում նկատվում է կրծքի անապլաստիկ խոշոր բջջային լիմֆոմա հիվանդության աճ, եւ շատ կարճ ժամանակահատվածում բժիշկները գրանցել են  այդպիսի հիվանդության 150 դեպք։ Այս հիվանդության զոհերի 90%-ը այն կանայք են, ովքեր օգտագործել են կրծքի հատուկ իմպլանտներ՝ տեքստուրային վահանակի ձեւով։ Հենց այդպիսին է տխրահռչակ Poly Implant Prothese (PIP) ընկերության արտադրանքը։

Եթե ԱՄՆ-ում դրանք դեռեւս այնքան էլ տարածված չեն, ապա Անգլիայում նրանց օգտագործողների թիվը հասնում է տարեկան 30 000-ի՝ այսինքն բոլոր այն կանանց 99%-ը, ովքեր որոշել են մեծացնել իրենց կրծքերը։ Նրա կոշտ ու տեքստուրային մակերեսը, ըստ գիտնականների, իդեալական սնուցող միջավայր է բակտերիաների եւ նոր զարգացող քաղցկեղի համար։

Կրծքի անապլաստիկ խոշոր բջջային լիմֆոման իմունային համակարգի քաղցկեղ է, որի ժամանակ օրգանիզմը դադարում է տարբերակել ուռուցքային բջիջները։ Բարեբախտաբար, խոշոր բջջային լիմֆոմա ունեցող կանանց մեծ մասը վիրահատությունից հետո լիովին վերականգնվում է։ Որոշ դեպքերում նրանց անհրաժեշտ է քիմիաթերապիա եւ ճառագայթում, սակայն արձանագրվել են նաեւ մահվան դեպքեր։

Ըստ գիտնականների, այս տեսակի քաղցկեղը կապված է օգտագործված տեքստուրային իմպլանտների համեմատաբար տարածված կողմնակի ազդեցությունից՝ կապսուլային կոնտրակտուրայից։ Կրծքի այս իմպլանտները սկսել են արտադրվել 1980-ական թվականներին, սակայն, դրանք լայն տարածում գտան միայն 1990-ականներին: Այն երկրներում, որտեղ այս իմպլանտները հայտնի են (ինչպես օրինակ, Ավստրալիայում եւ Մեծ Բրիտանիայում), հատուկ քաղցկեղի դեպքերն ավելի շատ են գրանցվում։