Ծննդաբերության խթանումը եւ կեսարյան հատումը, որոնք որոշ երկրներում կարող են կատարվել կնոջ ընտրությամբ, երեխայի առողջության համար երակարաժամկետ հետեւանքներ են ունենում: Սա պարզել է իր տեսակի մեջ առաջին ընդարձակ հետազոտությունը, թե իրականում ինչպես է երեխաների վրա ազդում ծննդաբերության բնական ընթացքին միջամտությունը: Հետազոտությունը կատարել է Ավստրալիայից, Նիդերլանդներից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը:
Հետազոտությունը եւս մեկ անգամ հաստատել է այլ գիտական աշխատանքների եզրակացությունները, որոնց համաձայն՝ երեխայի առողջության համար ավելի օգտակար է բնական ծննդաբերությունը՝ առանց որեւէ դեղորայքային եւ վիրաբուժական միջամտության:
Հետազոտության ընթացքում մասնագետները հետեւել են գրեթե կես միլիոն կանանց, որոնք իրենց երեխաներին (կեսից ավելին առաջնեկին) ունեցել են 2000-2008 թվականներին: Բոլոր ծննդկանները դասվել են ցածր ռիսկի խմբին, նրանք 20-35 տարեկան էին (միջինը 29), ծննդաբերությունը տեղի է ունեցել հղիության 37-41-րդ շաբաթում: Կանանց 88 տոկոսի ծննդաբերությունը ցավազրկվել է, 43 տոկոսինը՝ խթանվել, 38 տոկոսն ինքնուրույն է ծննդաբերել՝ առանց որեւէ միջամտության, 11 տոկոսը նախընտրել է կեսարյան հատումը, 7 տոկոսը խթանումից հետո արտահերթ կեսարյան հատման կարիք է ունեցել: Լույս աշխարհ եկած փոքրիկների առողջությանը հետեւել են մինչեւ 5 տարեկան դառնալը:
Երեխաների մոտ, որոնց մայրերի ծննդաբերությունը խթանել են եւ այնուհետեւ ստիպված եղել միջամտել օգնելու համար, ավելի հաճախ են կերակրելու հետ կապված խնդիրներ եւ դեղնախտ առաջացել: Նրանց մոտ, որոնք ծնվել են կեսարյան հատմամբ, ծնվելուց հետո ավելի հաճախ է առաջացել հիպոթերմիա, իսկ նրանք, որոնց համար այս վիրահատությունն արտահերթ էր, ավելի հաճախ են տառապել մետաբոլիզմի խանգարումներով:
Ընդհանուր առմամբ, այն երեխաների շրջանում, որոնց ծնվելու ընթացքին միջամտել են, էկզեմայի, շնչուղիների հիվանդությունների եւ նյութափոխանակության խանգարումների զարգացման հավականությունն ավելի մեծ է եղել: Ծննդաբերության ընթացքում բոլոր միջամտությունները պետք է տեղի ունենան միայն բժշկական ցուցումներով, ասում են մասնագետները:






