Քլիվլենդի ֆերտիլության կլինիկայում մարտի 3-ին տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որը վտանգի տակ է դրել լաբորատորիաներում պահվող ամբողջ կենսաբանական նյութը: Սկզբում կլինիկայի ներկայացուցիչները ենթադրում էին, թե խափանման հետեւանքով ոչնչացել է մոտ 2 հազար սաղմ, սակայն իրականում կորուստն ավելի մեծ էր. վերջին տեղեկություններով՝ սառցախցիկներում ջերմաստիճանի բարձրացման պատճառով ոչնչացել է 4 հազար սաղմ եւ ձվաբջիջ, որոնք պատկանել են 1000 հաճախորդների:
Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, կլինիկայի ներկայացուցիչները հաճախորդներին հղած վերջին նամակով ներողություն են խնդրել տեղի ունեցածի համար եւ նշել, որ չի գործել ազդանշանային համակարգը, որը պետք է հատուկ աշխատակցին տեղեկացներ խցերում ջերմաստիճանի փոփոխության մասին, որտեղ պահվում էր կենսաբանական նյութը:
Կլինիկայի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք տեղյակ չեն, թե ով է անջատել ազդանշանային համակարգը, եւ որքան երկար է այն անջատված մնացել: University Hospitals-ի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ջեյմս Լյուի կարծիքով՝ հազիվ թե որեւէ մեկը այն դիտավորյալ անջատեր:
Այս գործով քննությունը շարունակվում է:
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ այս կլինիկայում պահվող որոշ ձվաբջիջներ եւ սաղմեր սառեցվել էին դեռեւս 1980-ական թվականներին:
Քրիսթինա Էլիսը եւ նրա ամուսինը՝ Մարկը, այս խափանման հետեւանքով տուժած հաճախորդների թվում են: Նրանք կլինիկայում 2 սառեցված սաղմ ունեին եւ հույս ունեին դստեր ծնունդից հետո նրա համար եղբայր կամ քույր ունենալ: Հիմա նրանք կլինիկային դատի են տվել անփութության եւ պայմանագրի (սաղմերի պահպանման մասին) խախտման համար:
Իսկ կլինիկան իր հերթին հաճախորդներին առաջարկում է ԱՄԲ անվճար ցիկլեր եւ անվճար խորհրդատվություն:






