Վրաստանում հայտնաբերված ծաղկի նման վարակը, որի մասին օրեր առաջ հայտարարել էին ամերիկացի մասնագետները, պետք չէ շփոթել բնական ծաղկի հետ, եւ այս պահին այդ վարակը ոչ մի վտանգ չի ներկայացնում ոչ կենդանիների, ոչ էլ մարդկանց համար։ Ավելին, վարակման դեպքերը տեղի են ունեցել դեռ անցյալ տարի, բայց քանի որ վարակի նույնականացումը վերջերս է կատարվել, ամերիկացի մասնագետներն էլ նոր են տեղեկացրել վարակի մասին, որն անգամ անուն չի ստացել, ուղղակի պատկանում է ծաղկի վիրուսների դասին։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
Մասնագետը հայտնեց, որ տեղեկատվությունը տարածվելուց հետո նրանք կապվել են վրացի գործընկերների հետ, որոնք տեղեկացրել են, որ դեպքերը արձանագրվել են անցյալ տարի ամռանը երեք հովիվների մոտ։ Վարակի աղբյուր են հանդիսացել մանր եղջերավոր կենդանիները, մարդկանց վերին վերջույթների վրա վերքեր են առաջացել, որոնք անսովոր են եղել տեղի մասնագետների համար, ուստի եւ նրանք դիմել են ամերիկացի գործընկերներին գենետիկ հետազոտություններ կատարելու համար։
«Հարցն այն է, որ սա ոչ թե բնական ծաղիկ է, այլ վարակ է, որը պատկանում է ծաղկի հարուցիչների տեսակին, բայց շատ հեռու է բնական ծաղկի հարուցիչից», - ասաց Լ. Թորոսյանը։
Նա պարզաբանեց, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրահանգների այսօր 4 հիվանդությունների կասկածի նշույլի դեպքում անգամ բոլոր երկրները անհապաղ պետք է տեղեկացվեն դրա մասին։ Այդ հիվանդություններն են. բնական ծաղիկը, պոլիոմիելիտը, ատիպիկ թոգաբորբը (SARS), եւ նոր ենթատեսակով հարուցված գրիպը։ Եվ եթե մինչ այսօր ԱՀԿ-ն այս Վրաստանի դեպքերի մասին չի ահազանգել, ապա անհանգստանալու ոչ մի կարիք չկա։
«Եթե սա լիներ գլոբալ խնդիր, ապա հավատացած եղեք, որ դեռ մեկ տարի առաջ բոլոր երկրները սրա մասին ԱՀԿ-ի կողմից տեղեկացված կլինեին, եւ գլոբալ մակարդակով միջոցառումներ ձեռնարկված կլինեին», - ասաց նա։
«Վրաստանում հիվանդացած բոլոր երեք հովիվները ապաքինվել են, անգամ կենդանիների անկում չի եղել։ Դրանից հետո ոչ մի նոր դեպք չի գրանցվել, եւ խուճապի առիթ բացարձակապես չկա», - եզրակացրեց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ հիվանդությունների հայտնաբերման եւ կանխարգելման կենտրոնները հայտնել էին, որ Վրաստանում ծաղկի նման նոր վարակ է հայտնաբերվել։ Փորձագետների խումբը Նեյլ Վորոյի գլխավորությամբ պարզել է, որ իրենք գործ ունեն, այսպես կոչված, «ծաղկի պոքսվարակի» հետ, որն առաջացնում է ծաղիկ կամ ծաղկի վարակի խմբին հատուկ հիվանդություններ։ Գիտնականները ծաղկի վիրուսի նման տեսակ նախկինում չեն հանդիպել։ Ըստ Վորոյի, այն նույնիսկ իր սեփական անվանումը չունի։






