Այսօր մարդկանցից շատերն են հետեւում իրենց սնվելուն, հատկապես նրանք, ովքեր ցանկանում են նիհարել կամ տառապում են շաքարային դիաբետի նման հիվանդություններով: Թաֆթս համալսարանի աշխատակիցները եզակի սենսոր են մշակել, որը էապես կհեշտացնի նշված խնդիրը:

Սենսորը ընդամենը 2 մմ չափեր ունի: Այն ամրացվում է մարդու ատամին եւ նրա հեռախոսին տեղեկություն հաղորդում այն մասին, թե նա ինչ է կերել:  Սարքը 3 շերտ ունի՝ կենտրոնական շերտն արձագանքում է տարբեր քիմիական նյութերին, իսկ այն շրջապատող բարակագույն ոսկե շրջանակներն աշխատում են ինչպես ալեհավաքներ, որոնք տվյալները փոխանցում են սմարթֆոնին:

Երբ սենսորի կենտրոնական շերտի վրա այնպիսի նյութեր են ընկնում, ինչպես աղը, գլյուկոզան կամ ալկոհոլը, ալեհավաքի էլեկտրական հատկությունները փոխվում են: Համապատասխանաբար փոխվում է նաեւ սմարթֆոնի ընդունած ազդանշանը:

Սարքը ստեղծողները նշել են, որ սենսորը ատամներին հեշտ է ամրացվում եւ ներկառուցված մարտկոցի կարիք չունի: