Տարեսկզբից Հայաստանում գրանցվել է կարմրուկի 13 բերովի դեպք: Առաջին դեպքերը հավանաբար բերվել են Ռուսաստանի Դաշնությունից: Հիվանդներից 11-ը պատվաստված չեն, իսկ 2-ը` թերի պատվաստված: Նրանցից 7-ը 1-15 տարեկան երեխաներ են, 2-ը՝ 20-26 տարեկան, 4-ը՝ 40-44 տարեկան անձինք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ 2016 թվականի համեմատությամբ` 2017-ին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացության ցուցանիշն աճել է 3 անգամ։ Համաճարակային իրավիճակն առավել ծանր է Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Ռուսաստանում։
Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի առումով դեռեւս իրավիճակը կայուն է, սակայն տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող են սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին եւ վարակի տեղական տարածմանը: Իրավիճակի վատթարացմանը կարող են նպաստել նաեւ բժշկական կազմակերպություններում կարմրուկով հիվանդների շփումները հատկապես առողջական խնդիրներով անձանց հետ, ովքեր առավել խոցելի են եւ ընկալունակ վարակի նկատմամբ: Համաճարակաբանական տեսանկյունից ոչ բարենպաստ է նաեւ հիվանդության թեթեւ կլինիկական ընթացքը 1 դեղաչափ ունեցողների մոտ, ովքեր հիվանդությունը տանում են «ոտքի վրա»՝ շարունակելով տարբեր հանրային վայրերում շփվել բազմաթիվ մարդկանց հետ եւ նպաստելով վարակի տարածմանը, ինչպես նաեւ դժվարացնելով համաճարակային շղթայի ընդհատումը:
ՀՀ առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա եւ պատվաստվել կարմրուկի դեմ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հիվանդները հիվանդության վարակիչ փուլում (մոտ 10 օր՝ ցանի առաջացումից 4-5 օր առաջ եւ հետո) շփվել են բազմաթիվ քաղաքացիների հետ:
Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ եւ արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին եւ լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը եւ վերջինիս հետեւանքով առաջացած բարդությունները:






