Լեւոն Ալթունյանը ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հովհաննես Նավասարդյանին:

ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ Հովհաննես Նավասարդյանի անցած աշխատանքային ուղին վկայում է, որ նա կկարողանա տեսչական մարմնի ղեկավարումն այնպես իրականացնել, որպեսզի կառույցի գործունեության նոր մակարդակ ապահովվի։  «Կարծում եմ` նա իր լիազորությունների շրջանակում նաեւ հանդես կգա նախաձեռնություններով թե՛ օրենսդրական դաշտի կատարելագործման, թե՛ համանման կառույցների հետ արդյունավետ համագործակցության ապահովման ուղղությամբ»,-ասել է նախարար Ալթունյանը` տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին եւ աշխատակազմին մաղթելով բեղուն աշխատանք:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը նշել է, որ այժմ երկրի համար ավելի է կարեւորվում տեսչական մարմինների դերը։ «Կառույցը թեւակոխում է ձեւավորման վերջնական փուլ, եւ վստահ եմ, որ Հովհաննես Նավասարդյանի արդյունավետ կառավարման շնորհիվ կառույցի գործունեությունը կարժանանա եւ՛ երկրի իշխանությունների, եւ՛ բնակչության հավանությանը»:

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանը շնորհակալություն է հայտնել վստահության եւ բարեմաղթանքների համար՝ հավելելով, որ ամեն կերպ կփորձեն արդարացնել ցուցաբերված վստահությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. մարտի 27-ի N 444-Ն որոշմամբ Հովհաննես Նավասարդյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավար։