Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգը պետք էր հենց շոկային ներմուծել, որպեսզի հարցեր առաջանային, քննարկումներ լինեին, պարզվեր հայաստանյան բժշկության այժմյան համընդհանուր որակը: Մաշկաբանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հակադարձելով կարգի թերությունները մատնանշող բժիշկներին:
Բժիշկները, մասնավորապես, դժգոհում են, որ դեղը չեն կարող դուրս գրել բրենդային անվանումով, դեղատոմսի մի ձեւաթղթի վրա երկու դեղից ավելի գրել չի կարելի, բժիշկներն իրենց անձնական օգտագործման համար դեղ չեն կարող դուրս գրել, դեղատոմսի նոր կարգը բժիշկների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում եւ, ամենակարեւորը, նորամուծությունը ժամանակավրեպ էր, պետք էր կարգն աստիճանաբար ներդնել:
«Մի հետազոտություն եմ կարդացել, չեմ հիշում՝ երբ, որտեղ նշված էր, որ հանճարեղ բժիշկն իր ամենօրյա պրակտիկայում օգտագործում է մոտ 40 անվանում դեղ... մի անգամ փորձեցի հաշվել իմ ամենօրյա նշանակման դեղերը... չասեմ ինչքանի հասավ... Բայց թե... եթե դու, այո, այո... հենց այն բժիշկը, ով հիմա կարդում է այս տողերը, հանճարեղ ես, ապա վստահ եմ, որ կկարողանաս հիշել նաեւ այդ 40 դեղի ազդող նյութերի ոչ միայն անվանումները, այլ նաեւ խումբը, դեղաձեւը, դեղաչափը, ուտելուց առաջ, թե հետո... եւ էլի բազմաթիվ այլ կարեւոր դեղի բաղադրիչներ: Հետեւաբար, եթե Դու, հենց Դու բողոքում ես, որ դեղի ազդող նյութի չհիշելը բերելու է լրացուցիչ բարդությունների եւ ծանրաբեռնվածության.... ապա Ինձ, որպես ՀՀ քաղաքացու, նման բժիշկ պետք չէ...»,- գրել է մաշկաբանը:
Ինչ վերաբերում է բժիշկների ծանրաբեռնվածությանը, Հովհաննես Հովհաննիսյանը նշել է. «Հարգելի ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ բժիշկներ ջան... ես, իհարկե, Ձեզ չեմ հասկանա... բայց դեղատոմս գրելը մի 27-34 վայրկյանանոց գործ է... օրը մի 20 հիվանդ որ ընդունես... միջինում մի 10 րոպե է ստացվում... բայց մի րոպե... էս որ 20 հիվանդ էս ընդունում... բա կասսա ինչի՞ ես քիչ մուծում... մի բան էն չի...»,- գրել է նա ու հավելել. «Չի վճարվում դեղատոմսի համար, վճարվում է բուժման համար, այդ իսկ պատճառով դեղատոմսը գին չունի...»:
«Բժշկական օգնության մատուցելու չափորոշիչների մեջ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ մեծ նշանակություն ունի, բայց երբեք չի կարող լինել առաջին տեղում, առաջին տեղում ՈՐԱԿՆ է... ամենաարագ օգնությունը մենք ստանում ենք մեր հարեւանից, համացանցից... բայց դա դեռ չի նշանակում, որ դա որակով բժշկական օգնություն է...»,- գրել է մաշկաբանը։
Բժշկի՝ իր կամ իր հարազատների համար դեղ գնելու փաստը զարմացրել է մասնագետին: Այս դժգոհության վերաբերյալ էլ Հովհաննես Հովհաննիսյանը գրել է. «Երբ մենք ենք բժիշկի կարիք ունենում... մենք արդեն բժիշկ չենք... մենք արդեն բուժառու ենք... եւ բոլորի նման ենթարկվում ենք մի շարք օրենքների՝ բուժման համար վճարելու եւ այլն... այդ թվում նաեւ դեղատոմս վերցնելու»:
Վերջում բժիշկը նշում է, որ այս կարգը հարկավոր էր հենց շոկային ներմուծել՝ առկա խնդիրները վեր հանելու համար: «ՇԱՏԵՐՆ ասում են՝ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԸ շատ լավ բան է... բայց դե սենց պետք չէր շոկային ներմուծել... աստիճանաբար, որ հարմարվեինք... ո՛չ, պետք էր շոկային ներմուծել, որպեսզի հարցեր առաջանային, որպեսզի քննարկումներ լինեին... որպեսզի պարզվեր հայաստանյան բժշկության ներկայիս համընդհանուր որակը... թե չէ ֆեյսբուքում կարդում ենք՝ կատարվեց ունիկալ վիրահատություն, կերակրափողը կպցրեցին արգանդին, ծնելիությունը մեծացնելու նպատակով... բայց շարունակում ենք անտիբիոտիկների հետ միասին հակասնկայիններ նշանակել... տղամարդկանց մոտ ՀԵՇՏՈՑԱՅԻՆ գառդնեռելաներ բուժել եւ այլն»,- գրել է նա։






