Հոկեյի հանդիպմանը սիրելի թիմի հաղթանակների հետ կապված հուզումները սաստիկ մեծացնում են երիտասարդների շրջանում սրտամկանի կաթվածի հավանականությունը: Պարտությունները առողջության համար պակաս վտանգավոր են, պնդում են կանադացի սրտաբանները:
Կանադական սրտաբանության ամսագրում (Canadian Journal of Cardiology) հրապարակված հոդվածի համաձայն՝ Մոնրեալի 55 տարեկանից փոքր բնակիչներն ավելի հաճախ են սրտի կաթվածով հիվանդանոցում հայտնվել «Մոնրեալ Կանադիենս» (Montreal Canadiens) թիմի հաղթանակի հաջորդ օրը:
Հոկեյը կանադացիների կյանքի անբաժանելի մասն է, այս պատճառով գիտնականները որոշել են հետազոտել դրա բոլոր կողմերը: Նրանք վերլուծել են Մոնրեալի Սրտի ինստիտուտ (Montreal Heart Institute) դիմած սրտամկանի կաթվածով՝ ST սեգմենտի բարձրացմամբ հիվանդների տվյալները: Արդյունքում նրանք եզրակացրել են, որ «երկրպագուի սրտի կաթվածի» հավանականությունը մեծանում է միայն տղամարդկանց համար:
Նման դեպքերում սրտի կաթվածն առավել հաճախ զարգացել է 55 տարեկանից փոքր տղամարդկանց շրջանում, իսկ հվանդանոց դիմելու առավել բարձր մակարդակ է նկատվել թիմի տնային հաղթանակներից հետո: Այս տարիքային խմբում հաջորդ օրը սրտի կաթվածների թիվն աճել է 4 տոկոսով: Պարզվել է, որ պարտությունները սրտի համար պակաս վնասակար են:
Սպորտային իրադարձությունների ազդեցությամբ զգացմունքային սթրեսը եւ լարվածությունը մշտապես կապել են սրտի սուր հիվանդությունների հետ: Սակայն այս իրադարձությունների պատճառահետեւանքային կապերը վատ են ուսումնասիրվել:
«Մեր հետազոտությունն առաջին անգամ կապ է հայտնաբերել տեղական հոկեյի թիմի խաղի եւ սրտի սուր կաթվածի միջեւ: «Մոնրեալ Կանադիենսը» 1917 թվականից միակ թիմն է, որի ակտիվում ամենից շատ են Սթենլիի գավաթները: Այն հայտնի է իր չափազանց չեզոք եւ մոլեռանդ երկրպագուներով: Հոսպիտալացման հաճախակիության մեծացումը կարելի է մասամբ պատճառաբանել «Մոնրեալի» պատմական դերակատարմամբ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Մոնրեալի Սրտի ինստիտուտի սրտաբան Հանգ Լին:
Չնայած նախկին հետազոտությունները ցույց էին տվել, որ կանայք զգացմունքային գործոնների ազդեցությամբ ավելի են ենթակա սրտի իշեմիայի, «հոկեյի կաթվածը» նրանց շրջանցել է:






