Մարտի 29-ի դրությամբ՝ Հայաստանում ՄՊՎ դեմ գարդասիլի պատվաստում է ստացել 383 մարդ: Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Ըստ որում, նրա խոսքով՝ իրենք պատվաստումից գրավոր հրաժարվելը չեն ընդունում, քանի որ այս պատվաստումը պլանային է անցկացվում: «Իրականությանը չեն համապատախանում մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ պատվաստումը ձախողվել է, քանի որ սա պլանային գործընթաց է»,- պարզաբանեց Գայանե Սահակյանը:
Գայանե Սահակյանի խոսքով՝ ծնողները, որպես կանոն, իրենք են նախընտրում պատվաստմանը մի փոքր սպասել: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց Սահակյանը, որոշ պոլիկլինիկաներում պատվաստումն իրականացվել է 100 տոկոսով: Նրա խոսքով, ծնողները, որպես կանոն, սպասում են մինչեւ պատվաստում կկատարեն իրենց մտերիմները, ազգականները կամ հարեւանները, եւ համոզվելով, որ ամեն ինչ հարթ է ընթացել, միայն դրանից հետո են համաձայնվում իրենց երեխաներին պատվաստել: Նա նաեւ հույս հայտնեց, որ հայ ծնողների շրջանում պատասխանատվության մակարդակն այնքան բարձր կլինի, որ նրանք չեն դիմի «ոչ պրոֆեսիոնալների» օգնությանը եւ նրանց խորհուրդները չեն լսի:
«Վերջիվերջո, մեզ մոտ վիճակագրություն կա: Տարեկան արգանդի վզիկի քաղցկեղի հետեւանքով գրեթե 250 կին է մահանում»,- եզրափակեց Գայաներ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը սկսվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից: Ծրագրվում է պատվաստել 2004 թվականի հուլիսից հետո ծնված 13 տարեկան 16 հազար աղջիկների:






