Ամեն օր ափիոնայինների գերդոզավորումից մահանում է ԱՄՆ 115 բնակիչ: Այս մասին նշված է մարտի 29-ին ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հրապարակած զեկույցում, փոխանցում է LA Times-ը:
Հաղորդվում է, որ 2015-ից 2016 թվականը Ամերիկայի բոլոր նահանգներում, ներառյալ Կոլումբիայի շրջանը, մահացության ցուցանիշները բարձր են եղել առավելապես ափիոնայինների օգտագործման հետեւանքով:
2016 թվականին հոգեմետ դեղերի գերդոզավորման պատճառով մահվան դեպքերի թիվը կազմել է 42,249 հազար, ըստ որում՝ 2015-ից 2016 թվականը ցուցանիշները մեծացել են 27,9 տոկոսով, նշված է զեկույցում:
Զեկույցի տվյալների համաձայն՝ Արեւմտյան Վիրջինիան ափիոնայինների գերդոզավորումից մահացության մակարդակով առաջատարներից մեկն է, որտեղ 2016 թվականին մահացության ցուցանիշը կազմել է 43,4 100 000 բնակչի հաշվարկով:
Ընդհանուր առմամբ, հերոինի գերդոզավորումից մահացության ցուցանիշը 2016 թվականին մեծացել է 20 տոկոսով:
Հետազոտողների խոսքով՝ ափիոնայինների գերդոզավորման առաջին ալիքը գրանցվել է 1990-ական թվականներին՝ ցավազրկողների նշանակման հետեւանքով: Երկրորդ ալիքը հաջորդել է 2010 թվականին՝ հերոինի գերդոզավորման հետեւանքով, երրորդ ալիքը գրանցվել է 2013 թվականից եւ շարունակվում է մինչեւ այսօր:






