Նախկինում Հայաստանը տարածաշրջանում գրեթե միակ երկիրն էր, որտեղ պատվաստումների միջոցով վերահսկվող հիվանդություններն ամբողջապես վերանալու շեմին էին, սակայն իրավիճակը վատթարացավ եւ այդ հաջողությունները չհաջողվեց ամրապնդել։ Այս մասին մարտի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Միաժամանակ, նրա խոսքով, վերջին 2 տարիներին պատվաստումների քարոզչությունը հանրապետությունում լայն թափ է ստացել։
«Սակայն բնակչության մոտ ամրապնդվել է վախը, ծնողները խուսափում էին իրենց երեխաներին պատվաստելուց, եւ արդյունքում, հետեւանքները բավականին ցավալի էին։ Այս տարի թիրախային խմբերում առնվազն երկու տոկոսով պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել», – ասել է նա։
Դրա հետ մեկտեղ, Սահակյանի խոսքով, ավելացել են պատվաստումներից հրաժարվելու դեպքերը, որը նույնպես անհանգստություն է առաջացնում, քանի որ կապույտ հազով հիվանդացության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.5 անգամ՝ 4-ից հասնելով 30 դեպքի։ Միաժամանակ, նա շեշտել է, որ որպես կանոն, հիվանդների 80 տոկոսը չի ստացել համապատասխան պատվաստանյութը կամ էլ հրաժարվել է դրանից, իսկ հիվանդների 60 տոկոսը մինչեւ 1 տարեկան երեխաներ են եղել։
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարի խոսքով, հանրապետությունում նկատվել են կարմրուկով հիվանդացության դեպքեր։ Այսպես, նրա փոխանցմամբ, Հայաստանում կարմրուկով հիվանդացել են մինչեւ 48 տարեկան 14 մարդ, որոնցից 12-ը չի պատվաստվել։






