Սթենֆորդի կենսաբանների կողմից այս տարվա սկզբին ներկայացված քաղցկեղի դեմ հեղափոխական ունիվերսալ պատվաստանյութը մոտ ապագայում կսկսի փորձարկումներ անցնել կամավորների վրա, հաղորդում է SF Gate թերթը:
«Մարդիկ պետք է հասկանան, որ մենք իմունոթերապիայի զարգացման միայն առաջին փուլերում ենք եւ ստուգում ենք՝ որքանով դրանք ապահով կլինեն հիվանդի համար: Ուստի պետք չէ վազել հիվանդանոց եւ խնդրել այս պատվաստանյութը: Լավագույն դեպքում, այն պատրաստ կլինի 2-3 տարուց ոչ շուտ»,- հայտարարել է Ստենֆորդի համալսարանի գիտնական Ռոն Լեւին:
Ռոն Լեւին եւ նրա ստենֆորդյան գործընկերները մի քանի տարի է փորձում են իմունոթերապիայի նոր տեսակներ ստեղծել, որոնք ոչ թե պարզապես պետք է «բաց թողնել» քաղցկեղային բջիջների վրա, այլ՝ սովորեցնել դրանց տարբերել օրգանիզմի նորմալ հյուսվածքները չարորակ ուռուցքներից: Համեմատաբար վերջերս նրանց հաջողվել է քաղցկեղի դեմ երկու հեղափոխական պատվաստանյութ ստեղծել, որոնք քաղցկեղի միանգամից մի քանի տեսակից փրկել են փորձարկման մկների 97 տոկոսին:
Այս շաբաթ Լեւին եւ նրա գործընկերները հայտարարեցին, որ շուտով կսկսեն կամավորներ հավաքագրել այս պատվաստանյութի ավելի պարզ տարբերակի առաջին կլինիկական փորձարկումների համար: Պատվաստանյութը իմունիտետին ստիպում է սպանել քաղցկեղը, սակայն քաղցկեղի նկատմամբ մշտական իմունային արձագանքի զարգացմանը չի հանգեցնում:
Քալիֆորնիացի բժիշկներն այս տարվա ընթացքում նախատեսում են երկու շարք փորձարկումներ անցկացնել, որոնց արյան քաղցկեղի տեսակներից մեկով՝ լիմֆոմայի մեղմ ձեւերով տառապող 35 կամավոր կմասնակցի: Այս փորձարկումների նպատակը, ինչպես նշել է Լեւին, ոչ թե արդյունավետության գնահատումն է, այլ՝ այս պատվաստանյութի անվտանգությունը հիվանդների առողջության համար:
Գիտնականի խոսքով՝ նրա թիմը վստահ է փորձարկումների հաջող արդյունքներում, քանի որ նրանց դեղամիջոցի երկու բաղադրիչներն էլ հաստատվել են կարգավորիչ օրգանների կողմից:






