Ուռուցքաբանությունը մեր ժամանակների ամենաբարդ ու տարածված հիվանդություններից մեկն է։ Բայց այն, ինչի հետ ամեն օր բախվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, շատ ավելի ծանր է։ Շատերը վախենում են անգամ մտածել այդ մասին։

«Ամեն տարի աշխարհում գրանցվում է մանկական քաղցկեղի 200 000 դեպք։ Հայաստանում՝ 60-70 դեպք։ Այդ 200 000 դեպքերի մոտ 80 տոկոսը գրանցվում է զարգացող երկրներում, իսկ մնացած 20 տոկոսը՝ զարգացած։ Վերջիններում ուռուցք ունեցող երեխաների մոտ 85 տոկոսը լիարժեք ապաքինման հնարավորություն ունի, իսկ զարգացող երկրներում պատկերն ահագին տարբերվում, ու այդ տոկոսը տատանվում է 0-ից 70 տոկոսի միջակայքում։ Հայաստանում միջինը 70 տոկոս է կազմում», - ասել է բժիշկը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ։

Բժշկի խոսքով՝ վերջին տասնամյակներին բժշկության առավել զարգացող ուղղություններից մեկը հենց մանկական ուռուցքաբանությունն է։ Նախկինում լիարժեք ապաքինման հնարավորություն ուներ երեխաների ընդամենը 0-5 տոկոսը։

«Ես արդեն ութ տարի աշխատում եմ այս պաշտոնում։ Չեմ կարող ասել, որ ես հարյուրավոր հիվանդներ եմ ունեցել, եւ այն, որ նրանց քանակն այդքան էլ մեծ չէ, շատ ուրախացնում է», - ասում է նա, հավելելով, որ յուրաքանչյուր երեխայի համար պետք է գտնել անհատական մոտեցում, որպեսզի ոչ միայն բուժես, այլև բարոյապես աջակցես նրան։

«Յուրաքանչյուր հիվանդի պատմությունը եզակի է, բարդ է դրանցից որևէ մեկը առանձնացնելը։ Մեր հիվանդանոցում կան հոգեբանական աջակցության մասնագետներ, բայց դա նաև իմ պարտականությունն է՝ թե երեխայի, թե նրա ծնողների հանդեպ»,- ասում է բժիշկը։

Իսկ ի՞նչն է օգնում երիտասարդ մասնագետին հաղթահարել այդքան ծանր աշխատանքը ու մոտիվացնում շարունակել պայքարը։ Նրա խոսքով՝ առաջինը տեսանելի արդյունքն է։

«Երբ տեսնում ես առողջացած երեխայի, ուժ ես հավաքում։ Եթե միայն մտածես այն դեպքերի մասին, երբ ոչնչով չես կարող օգնել, չես կարողանա աշխատել։ Որոշ բաներ պարզապես մեր ուժերից վեր են։ Երբեմն մենք չենք կարող վերջնականապես բուժել, բայց կարող ենք գոնե բարելավել երեխայի կյանքի որակը»։

Ազատ ժամանակ բժիշկը գեղարվեստական գրքեր է գրում, հիմնականում մեմուարներ։