ԱՄԲ ընթացակարգի ժամանակ սաղմերի նախաիմպալնտացիոն գենետիկ ախտորոշման անցկացումը դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ անիմաստ է, պնդում է Իսրայելից վերարտադրողաբան Ռաուլ Օրվիետոն:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա նշեց, որ իր կարծիքով սաղմերի գենետիկ դիագնոստիկայի անցկացումը նրանց փոխպատվաստումից առաջ իրականում նվազեցնում է հաջող բեղմնավորման հավանականությունը, քանի այդ ախտորոշման արդյունքում շատ սաղմերից ազատվում են՝ սխալմամբ դրանք անպիտան համարելով:
Ռաուլ Օրվիետոն, որը սաղմերի նախաիմպալնտացիոն գենետիկ ախտորոշման մասին գրել է մի քանի գիտական աշխատանքներ, նշել է, որ այսօր այդ ախտորոշման անցկացման տեխնոլոգիան չափազանց անկատար է. եթե նույն սաղմից վերցնենք երկու բջիջ եւ յուրաքանչյուրը տարբեր լաբորատորիաներում ստուգենք կամ անգամ նույն լաբորատորիայում, մեծ է հավանականությունը, որ երկու բոլորովին տարբեր արդյունքներ կստացվեն:
Ավելին, ինչպես ցոըյց է տալիս պրակտիկան, սաղմերի մեծամասնությունը, որոնք համաձայն գենետիկ ախտորոշման մոզաիկ են լինում, արդյունքում ինքնավերականգնվում են եւ նորմալ հղիության եւ ծննդի հանգեցնում: Այդ պատճառով, ըստ մասնագետի, դեպքերի մեծամասնության ժամանակ հարկավոր չէ ուշադրություն դարձնել սաղմի մոզաիկ լինելու վրա եւ դրա հայտնաբերման համար գենետիկ թեստավորում անել:
Բացի այդ, մասնագետի խոսքով, նախաիմպալնտացիոն գենետիկ ախտորոշում կարելի է անցկացնել բլաստոցիստի փուլի ժամանակ, այսինքն՝ բեղմնավորումից հետո 5-րդ օրը: Սակայն խնդիրն այն է, որ սաղմերը, հատկապես եթե ծնողները այդքան երիտասարդ չեն, լաբորատոր պայմաններում չեն գոյատեւում մինչ այդ փուլը. ցանկալի է դրանց տեղափոխել ավելի շուտ՝ բեղմնավորումից հետո 2-3-րդ օրը: Այդ ժամանակ հաջողության հավանականությունն ավելի մեծ կլինի, ընդգծեց մասնագետը:






