«Աստղիկ» բժշկական կենտրոնում կատարվել է արգանդի միոմայի հեռացման բարդ վիրահատություն՝ արգանդը պահպանելով: Բարդությունն այն էր, որ 35-ամյա կինը դեռեւս ամուսնացած չէ եւ երեխաներ չունի, իսկ միոմայի չափերն այնպիսին էին, որ արգանդի պահպանումը հարցական էր:
Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արման Նազինյանը, հիվանդը կլինիկա է ընդունվել փորի ստորին հատվածի սուր ցավերով, որ տարածվել են դեպի գոտկատեղ ու հետանցքի շրջան:
Ուլտրաձայնային հետազոտությամբ մեծ գոյացություն է հայտնաբերեվել, որն սկսվում էր փոքր կոնքից: Կասկածներ կային, որ առկա էր արգանդի բազմահանգույց միոմա՝ 20-22 շաբաթական հղիության մեծությամբ: Ուռուցքի գենեզը պարզելու համար կատարել են փոքր կոնքի եւ որովայնի խոռոչի համակարգչային տոմոգրաֆիա, որից հետո արգանդի միոմայի ախտորոշումը հաստատվել է: Բժշկի խոսքով՝ կնոջ վիճակը թույլ չէր տալիս նախավիրահատական դեղորայքային հորմոնալ թերապիա անցկացնել՝ ուռուցքի չափերը փոքրացնելու համար, քանի որ առկա էր միոմատոզային հանգույցի սնուցման մասնակի խանգարում:
«Մենք հիվանդին բացատրեցինք, որ անհրաժեշտ է վիրահատություն կատարել, որի ընթացքում հնարավոր է այնպես ստացվի, որ վիրաբուժական խումբը ստիպված լինի նրա արգանդը հեռացնել, ինչին նա տվեց իր համաձայնությունը: Վիրահատությունը կատարվել է բաց եղանակով, կատարվել է Պֆանենշտիլի կտրվածք՝ վերցայլքային լայնակի որովայնահատում»,- ասաց Արման Նազինյանը:
Վիրահատության ընթացքում նախ փակել են արգանդի անոթները, այնուհետեւ տեխնիկական դժվարություններով կատարվել է կոնսերվատիվ միոմէկտոմիա: Հեռացրել են 18-19 սմ չափերի մեկ մեծ հանգույց եւ 4-5 սմ չափերի 3 փոքր հանգույց:

Ինչպես պատմել է ինքը հիվանդը, հիվանդանոց է դիմել փորի եւ գոտկատեղի շրջանում սուր ցավերի նոպայով: Ինքը չէր կռահել, որ իր մոտ միոմա կա, քանի որ ոչ մի անգամ արյունահոսություն չի ունեցել: Ինչպես պարզաբանեց բժիշկը, միմատոզային հանգույցը գտնվում էր արգանդից դուրս, եւ այն արգանդի խոռոչը չէր ձեւախախտել, այդ պատճառով էլ արյունահոսություն չի եղել: Կնոջ մոտ առկա էր հարեւան օրգանները ճնշելու համախտանիշ, ինչի հետեւանքով էլ առաջացել էր ուժգին ցավը:
Ինչպես պատմել է կինը, նոպան սկսվել է փողոցում: Նա տաքսիով եկել է հիվանդանոց: «Ամեն ինչս ցավում էր, փորս, մեջքս, մի տեղ չկար, որ ցույց տայի ու ասեի՝ այս այստեղ է ցավում»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է մեծացած փորին, կինը մտածել է, թե իր կազմվածքն ուղղակի այդպիսին է: Չնայած արտաքինից նա ամենեւին գեր չէ: «Նախկինում ես չեմ բախվել առողջական խնդիրների, այդ պատճառով չէի էլ ենթադրում, որ մեծացած փորը կարող է ախտանշան լինել»,- պատմել է նա: Իսկ երբ վիրահատությունից հետո նրան ցույց են տվել հեռացված միոմատոզային հանգույցը, կինն ապշահար էր: «Անհնար է հավատալ, որ նման բան կարող է լինել օրգանիզմի մեջ»,- ասել է կինը:
Հիվանդն իրեն արդեն լավ է զգում, նրան հիվանդանոցից դուրս են գրել:







